ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի գլխավոր տնօրեն Աթուսա Մոմենիին:

ԿԳՄՍ նախարարության և կենտրոնի համագործակցությամբ սեպտեմբերի 12-14-ը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների և Եղեգնաձորի երկրագիտական թանգարաններում անցկացվել են վերապատրաստման եռօրյա դասընթացներ, որոնց մասնակցել են ՀՀ տարբեր թանգարանների աշխատակիցներ՝ նոր գիտելիքներ ձեռք բերելով ոչ նյութական մշակութային ժառանգության, մասնավորապես՝ թանգարանային միջավայրերում տեղական համայնքների ներգրավմամբ կենսունակ ժառանգության պահպանության հարցերի վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել պատրաստակամության և Հայաստանի թանգարանների աշխատակիցների համար վերապատրաստման հագեցած դասընթաց իրականացնելու համար: Նախարարի տեղակալն ընդգծել է՝ սա, անկասկած, Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնի հետ հետագա համագործակցության լավ հիմք կհանդիսանա:

Կենտրոնի գլխավոր տնօրեն Աթուսա Մոմենին ընդգծել է՝ վերապատրաստման դասընթացը շատ օգտակար է եղել մասնակիցների համար. «Հայաստանը թանգարանների երկիր է և ունի ոչ նյութական մշակութային հարուստ ժառանգություն: Կարծում եմ՝ այս հաջողված փորձը հիանալի հնարավորություն է համագործակցության ընդլայնման համար»:

Անդրադառնալով հետագա համագործակցության հնարավորություններին՝ Աթուսա Մոմենին ընդգծել է հատկապես Երևանի Կապույտ մզկիթի շենքային պայմանների բարեկարգման անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցելու դրա իրագործմանը:

Կողմերը քննարկել են նաև իրանական ժողովուրդների ազգային վիպերգության` «Շահնամեի» թարգմանությանը, ինչպես նաև հնագիտական ուղղություններով համատեղ աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր: