ԿԳՄՍ նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը:
Սամվել Խալաթյանը ծնվել է 1950 թ. հունվարի 9-ին Կիրովական քաղաքում (այժմ`ՀՀ Լոռու մարզ, քաղաք Վանաձոր): Ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Եղել է Վանաձորի քաղաքային և Լոռու մարզային պաշտոնաթերթերի գլխավոր խմբագիրը: Հիմնադրել և խմբագրել է երգիծական «Եղինջ», «Խաթաբալա» հանդեսները, «Արփի» հասարակական-քաղաքական թերթը:
Սամվել Խալաթյանի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ռուսերեն, բուլղարերեն, ղազախերեն, ռումիներեն, պարսկերեն և այլ լեզուներով: Նրա շուրջ 20 պիեսն ունեցել է ավելի քան 50 բեմադրություն (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Պատանի հանդիսատեսի, «Մհեր Մկրտչյան» արտիստական, Գյումրիի, Վանաձորի, Արտաշատի, Կապանի, Ստեփանակերտի թատրոններում, Հալեպի, Կիպրոսի, Լոս Անջելեսի հայկական թատերախմբերում):
Հայաստանի թատերական գործիչների, ժուռնալիստների, Նկարիչների միությունների և Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի (IFJ) անդամ է:
Հեղինակել է 33 գիրք` վիպակներ, պիեսներ, մենագրություններ. «Թագուհի» (վիպակ, 2011 թ.), «Փոքր քաղաքի մեծերը» (երգիծավեպ, առաջին մաս, 2010 թ.), «Hello, Evrope!…» (երգիծական ժողովածու, 2008 թ.), «Վերջին ծաղրածուն» (Եվրոպական լավագույն պիեսների անթոլոգիա, ռումիներեն, 2004թ.), «40 օր համբառնալուց հետո» (2002 թ.):
2013 թ. արժանացել է «Համազգային» կրթամշակութային կենտրոնի Լևոն Շանթի անվան մրցանակի, 2010 թ.՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի, ՀԹԳՄ ոսկե մեդալի։ 2010 թ. «Փոքր քաղաքի մեծերը» երգիծավեպի համար արժանացել է «Մկրտիչ Սարգսյան» գրական մրցանակի։
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Մհերի Խալաթյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին՝ ժամը 17:00-ին, Վանաձորի «Շալտա» սգո սրահում (հասցե՝ Թումանյան 16), վերջին հրաժեշտի արարողությունը՝ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-14:00, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։
ԿԳՄՍ նախարարությունն իր զորակցությունն է հայտնում Սամվել Խալաթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, նրա գրչի երկրպագուներին: