ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում ներկայացրել է 2024/25 ուսումնական տարում նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, անդրադարձել նոր դասագրքերի տպագրությանը, Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացին և ոլորտային այլ հարցերի:

ՀՊՉ փուլային ներդրումը շարունակվում է

ԿԳՄՍ նախարարը հիշեցրել է՝ 2024/25 ուսումնական տարում շարունակվում է դպրոցներում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման գործընթացը. այս սեպտեմբերից նոր չափորոշիչը ներդրվել է ևս 4 դասարաններում: Այս պահին ընդհանուր առմամբ 7 դասարաններում արդեն ուսումնական գործընթացը կազմակերպվում է նոր չափորոշչով:

«Սա վերաբերում է ավելի 250 հազար երեխաների, որոնք սովորում են 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում: Նոր չափորոշչի տրամաբանությամբ աշխատում ենք նաև նախադպրոցական հաստատություններում: Նոր չափորոշիչը ներդրվել է արդեն 190 մանկապարտեզում, որոնցում իրականացնում ենք վերապատրաստման գործընթաց»:

Դիմորդներն արձագանքում են պետական քաղաքականությանը. ընդունելության բարձր արդյունքներ ՄԿՈՒ ոլորտում

Նախարարի խոսքով՝ այս տարի բավական լավ արդյունքներ են գրանցվել ՄԿՈՒ հաստատությունների ընդունելության ցուցանիշներով:

«Այդ հանգամանքը շատ ուրախացնող է. արհեստագործական կրթական ծրագրերով այս տարի ունենք 3862 ուսանող՝ նախորդ տարվա 3106-ի փոխարեն: Դրանք հիմնականում այն ուղղություններն են, որոնք նախորդ տարի ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են որպես գերակայություն՝ կրթաթոշակի նոր չափ սահմանելով՝ ամսական 50 հազար դրամ: Դրանք արդյունաբերության, շինարարության և գյուղատնտեսության ոլորտների մասնագիտություններն են: Արդեն երկրորդ տարվա ընդունելությունը ցույց է տալիս, որ դիմորդներն արձագանքում են այս քաղաքականությանը: Մենք մրցութային ընդունելություն ենք ունենում այն մասնագիտությունների գծով, որոնք պահանջված էին տնտեսության կողմից, սակայն տարիներ շարունակ նույնիսկ բավարար թվով դիմորդներ չէինք ունենում անվճար տեղերի համար»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նաև տեղեկացրել է՝ ավելացել են միջին մասնագիտական կրթական ծրագրերով ուսանողների ընդունելության արդյունքները. նախորդ տարի եղել է 10417, իսկ այս տարի՝ ավելի քան 11100 ուսանող: Այստեղ ևս ընդունելությունն ավելի մեծ արդյունքներ է գրանցում այն ուղղություններով, որոնցով կրթաթոշակի վերանայված քաղաքականություն է գործել:

«Այս նույն քաղաքականությունը նախորդ տարի ներդրեցինք նաև բարձրագույն կրթության համակարգում՝ բնագիտական կրթական ծրագրերով մանկավարժական համալսարաններում սովորող ուսանողների համար: Այստեղ էլ բակալավրում գրանցել ենք 3-4, իսկ մագիստրատուրայում՝ շուրջ 2,5 անգամ ավելի շատ ընդունելություն: Սա շատ ուրախացնող հանգամանք է: Բոլորովին վերջերս ՀՀ կառավարության որոշմամբ նաև ագրարային ոլորտի համար ենք սահմանել ամսական 70 հազար դրամ կրթաթոշակի հնարավորություն: Հուսով ենք՝ այս ոլորտում ևս կունենանք այն դրական ցուցանիշները, որոնք ՄԿՈՒ մակարդակում արդեն իսկ գրանցում ենք նախորդ տարվանից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Մշակութային կրթության տարի

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ նոր ուսումնական տարում առանձնակի կարևորվելու է մշակութային կրթության ամրապնդման գործընթացը: Այս շրջանակում վաղը՝ սեպտեմբերի 14-ին, ՀՀ բոլոր մարզերում կանցկացվեն մշակութային էքսպոներ, որոնց ընթացքում մարզերի մշակութային հաստատությունները ներկայանալու են իրենց տաղավարներով. թատրոնները ներկայացնելու են իրենց խաղացանկերը, թանգարանները՝ ցուցադրությունները:

«Սա առաջին հերթին լինելու է հնարավորություն ուսուցիչների և ծնողների համար՝ ծանոթանալու տվյալ մարզի մշակութային ներուժին՝ պլանավորելով ուսումնական գործընթացը՝ նաև այդ հաստատություններ այցելություններ կազմակերպելով: Մշակութային հաստատություն այցը կարևորում ենք ոչ միայն որպես ժամանց, այլև կրթական գործընթացի մաս: Ուսուցիչների համար էլ ստեղծել ենք տրանսպորտային ծախսերի փոխհատուցման հնարավորություն բոլոր այն դեպքերում, երբ մշակութային հաստատություն այցելությունը կներկայացվի որպես դաս և կներառվի թեմատիկ պլանավորման մեջ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև նոր ուսումնական տարվա առաջին կիսամյակում նախատեսվելիք «Արվեստի օր» միջոցառմանը, թանգարանների և թատրոնների միջազգային օրվա շրջանակում նախատեսվող կրթական ծրագրերին՝ հիշեցնելով, որ անցյալ տարի Թատրոնի օրվան ընդառաջ կազմակերպվել էր Թատերական շաբաթ միջոցառումը, որը դրական արձագանք է գտել դպրոցների շրջանում:

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ տարեվերջին նախատեսվում է ունենալ վերջին դասի նոր առաջարկ, որը կունենա մրցութային ձևաչափ. կիրականացվի լավագույն մշակութային վերջին դաս՝ մշակութային տարբեր գործիչներից կազմված ժյուրիի ներգրավմամբ: Մրցույթին դպրոցները կմասնակցեն կամավորության սկզբունքով:

3000 նոր ուսուցիչ է մուտք գործել դպրոցներ

«Շարունակվում է մեր կարևորագույն աշխատանքը բոլոր ուղղություններով՝ ուսուցիչների ատեստավորման, մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա վերապատրաստումների նոր համակարգի ներդրման, հավելավճարների բոլոր ծրագրերով: Պետք է ասեմ՝ նախորդ տարվա արդյունքներով ունենք բավական լավ ցուցանիշներ: Նախորդ տարի համակարգում գրանցել ենք ավելի քան 3000 նոր ուսուցիչ. սա առաջին հերթին շնորհիվ այն քաղաքականության, որն արդեն մի քանի տարի հետևողական վարվում է ոլորտում և ուղղված է ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանը: Նոր ուսուցիչների կեսից ավելին գրանցվել է գյուղական դպրոցներում, որտեղ նախորդ սեպտեմբերից ներդրվել է հավելավճարի նոր կարգ, որը վերաբերում էր բոլոր առարկաների այն ուսուցիչներին, որոնք օբյեկտիվորեն մեկ դրույքից պակաս զբաղվածություն ունեն: Նրանց տրվել է իրենց մեկ դրույքը լրացնելու հավելավճարի հնարավորություն, իսկ բնագիտական առարկաների ուսուցիչները բոլոր դպրոցներում 25% աշխատավարձի հավելում են ստանում»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ բնագիտական ուղղություններով հավելավճարի տրամադրումը վերաբերում է ավելի քան 8400 ուսուցչի, իսկ գյուղական դպրոցների ուսուցիչների ծրագրի շահառու է շուրջ 3000 ուսուցիչ:

Պատասխանելով ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին՝ նախարարն անդրադարձել է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին, ՀՊՉ ներդրմամբ պայմանավորված նոր դասագրքերի ստեղծմանը և տպագրմանը, դասագրքերի բովանդակությանն առնչվող հանրային արձագանք ստացած խնդիրներին, տնօրենների նշանակման նոր կարգին, պարտադիր և կամավոր ատեստավորմանը և մի շարք այլ խնդիրների: