Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 16:00-ին, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի կունենա նոր ցուցասրահի և «Գիրք ճանապարհի–90» ժամանակավոր ցուցադրության բացումը:
Նոր ցուցասրահը բարեկարգվել է Եվրոպական միության աջակցությամբ «ԿԱՏԱՊՈՒԼՏ ստեղծարար աքսելերացիոն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀԲԸՄ հիմնադրամի (Հայաստան) և «Քրիեյթիվ Արմենիա» մշակութային հիմնադրամի հետ համատեղ:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, լինելով «Քրիեյթիվ Արմենիայի» հեղինակային՝ «Artbox Hub» ծրագրի մասնակիցներից, ստացել է դրամաշնորհ, որը տրվել է թանգարանին կենսունակ մշակութային կենտրոն դարձնելու հաջողակ նախագծի համար:
Սրահի բացումը տրվում է «Գիրք ճանապարհի-90» ժամանակավոր ցուցադրությամբ, որը կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի համատեղ գործակցությամբ: Ցուցադրությունն իրականացվում է «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների շրջանակում՝ «Ճանապարհներ, ցանցեր, կապեր» խորագրի ներքո և նվիրվում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման 60-ամյակին:
1933 թվականին «Հայպետհրատում» տպագրվում է Եղիշե Չարենցի բանաստեղծությունների և պոեմների վերջին ժողովածուն՝ «Գիրք ճանապարհին»՝ Հակոբ Կոջոյանի նկարազարդումներով: Այն մասնակի փոփոխություններով վերահրատարակվում է 1934 թվականին:
«Գիրք ճանապարհին» Չարենց մտածողի և քաղաքացու հայացքների հանրագումարն է` իր ժողովրդի «ընթացքի, մաքառումի, ճանապարհի» գիրքը։