ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հանդիպել է Արարատի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի մանկավարժների հետ:
Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալը մի շարք վաստակաշատ մանկավարժների գեղարվեստական կրթության բնագավառում ունեցած ներդրման և երկարամյա ու բարեխիղճ մանկավարժական գործունեության համար պարգևատրել է շնորհակալագրերով: Մասնավորապես՝ նախարարության կողմից խրախուսվել են Արարատի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի դասատուներ Գայանե Գալստյանը (դաշնամուրի դասատու), Լինա Լևոնյանը (դաշնամուրի դասատու), Արթուր Ստամբոլցյանը (կիթառի դասատու) և Նելլի Սաղաթելյանը (տեսական առարկաների դասատու):
Դանիել Դանիելյանը շնորհավորել է ուսուցիչներին և մաղթել նորանոր հաջողություններ մասնագիտական ոլորտում: Նախարարի տեղակալը հետաքրքրվել է գեղարվեստական դպրոցի առաջիկա ծրագրերով և առկա խնդիրներով:
«Արարատի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոց իմ այցելությունից ամիսներ են անցել, և այս հանդիպումը հրաշալի հնարավորություն է՝ արձանագրելու և քննարկելու այս ընթացքում առաջացած հնարավոր հարցերը: Ուզում եմ նաև իմ գոհունակությունը հայտնել, որ Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցը Արարատի մարզում ծավալում է ակտիվ կրթամշակութային գործունեություն, ինչը կարևոր առաքելություն է երեխաների գեղագիտական դաստիարակության և զարգացման գործում»,- նշել է նախարարի տեղակալը:
Դպրոցի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը ներկայացրել է դպրոցում իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը: Տնօրենը ցանկություն է հայտնել առաջիկա ամիսներին դպրոցի մյուզիքլային ներկայացումը «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում երևանյան բեմում ներկայացնել պատանի հանդիսատեսին:
Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու դպրոցին այս և մյուս բոլոր կարևոր նախաձեռնություններում:
Նշենք, որ Արարատի Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտական արվեստի դպրոցի շրջանավարտներն իրենց ուսումը շարունակում են երաժշտական և արվեստի քոլեջներում, Պ. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված դպրոցում, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Դպրոցի շրջանավարտ դաշնակահար Արթուր Գրիգորյանն ընդգրկված է «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրում: Դպրոցը 2019 թվականից ակտիվ մասնակցում է «Քույր դպրոցներ» ծրագրում, «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը պարբերաբար դպրոցում իրականացնում է ՀՀ Արարատի մարզի ուսումնամեթոդական և գործնական ծրագիրը և այլն: Նշվել է նաև, որ դպրոցի աշակերտները հանդիսանում են բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների ու փառատոների դափնեկիրներ: