Ազգային ժողովն այսօր շարունակել է հերթական նիստերի աշխատանքը և ավարտել ««Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն առաջին ընթերցմամբ:

Հարցը զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է՝ օրենքում որոշ տերմինների փոփոխման խնդիր է առաջացել:

Մասնավորապես՝ առաջարկվում է «հավաքական թիմ» բառերը փոխարինել «հավաքական» բառով: Մի քանի մարզաձևեր՝ կարատե, քիք-բոքսինգ, մուայթայ, առաջարկվում է ներառել պարգևատրվող մարզաձևերի ցանկում, քանի որ դրանք Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչվել են օլիմպիական ընտանիքի մարզաձևեր:

Նախարարի տեղակալն անդրադարձել է մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների խնդրին՝ կարևորելով այնտեղ աշխատող մարզիչների ճիշտ արտոնագրումը: Ըստ նրա` այդ մարզասրահներում հաճախ աշխատում են մարզիչներ, որոնք չունեն համապատասխան կրթություն, բայց կատարում են չափազանց կարևոր աշխատանք: Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ կան դեպքեր, երբ վերջիններս ոչ թե օգնում, այլ վնասում են իրենց առողջությունը չորակավորված մասնագետներին վստահած անձանց:

Կարեն Գիլոյանը նշել է, որ այժմ օրենքի նախագծի բարեփոխման ուղղությամբ մասնագիտական թիմ է աշխատում. առաջին ընթերցումից հետո նախաձեռնությունն առավել կլրամշակվի:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև ընդգծել է՝ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն արդեն 3 տարի է՝ իրականացնում է ֆիթնես մարզիչների պատրաստման կրթական ծրագիր: Այս համատեքստում հնարավոր են նաև համատեղ ծրագրեր միջազգային արտոնագրված կազմակերպությունների և ՀՖԿՍՊի միջև:

Այնուհետև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամները պատասխանել են օրենքի նախագծի վերաբերյալ պատգամավորների հարցերին: