Ազգային ժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ նշելով, որ կատարվող փոփոխությունն առավելապես տեխնիկական բնույթի է:

Նախարարը պարզաբանել է, որ նախագծով կարգավորվելու է այն քաղաքացիների անընդհատ ուսումնառությունը, որոնք սովորում են դպրոցներում կամ հիմնական կրթության հիմքով կրթությունը շարունակում են արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում:

«Այս կարգավորման պարագայում մենք հնարավորություն կունենանք այդ քաղաքացիներին տարկետում տալ մեկ անգամ` մինչև իրենց ուսումնառության ավարտի օրը ներառյալ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողին` ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան քաղաքացու 20 տարին լրանալու օրը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ կատարվող փոփոխությունը հեշտացնելու է բազմաթիվ քաղաքացիների կյանքը՝ էապես կրճատելով նաև պետական մարմինների վարչարարությունը:

Ըստ հիմնավորման` ներկայացված կարգավորման արդյունքում ամբողջովին կկրճատվի փաստաթղթաշրջանառության բարդ և ծավալուն ընթացակարգը, կբացառվեն տեխնիկական և այլ վրիպակները, կբարձրանա տարկետման տրամադրման գործընթացի կազմակերպման արդյունավետությունը:

Պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ կան քաղաքացիներ, որոնց 18 տարին լրացել է, սակայն նրանք դեռևս սովորում են դպրոցում կամ քոլեջում: Տարեկան մոտ 1000 նման դեպք է լինում, երբ տարկետման տրամադրման կամ երկարաձգման անհրաժեշտություն է առաջանում: Նախարարը նաև պարզաբանել է` կարգավորումը չի վերաբերելու այն քաղաքացիներին, որոնք 9-րդ դասարանն ավարտելուց հետո անմիջապես չեն շարունակում կրթությունը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը: