ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախագիծը հանրակրթության ոլորտի բարեփոխումների շարունակությունն է և ուղղված է դրանք ավելի արդյունավետ ու հասցեական դարձնելուն:

Ըստ նախարարի՝ օրենքի նախագծի փոփոխությունները վերաբերում են երկու հիմնական բաղադրիչների, որոնցից մեկը դպրոցների կառավարման գործընթացում օրենսդրական ավելի հստակ մոտեցումներ և գործիքակազմի ներդնելու հնարավորություն է, իսկ երկրորդը ուսուցիչների ատեստավորման գործընթացին վերաբերող առավել ճշգրիտ կարգավորումներն են:

Անդրադառնալով դպրոցների կառավարմանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ոլորտում կարողությունների զարգացման բազմապիսի կարիքներ կան, և այդ հանգամանքով պայմանավորված` նախատեսվում են որոշակի փոփոխություններ, մասնավորապես՝ տնօրենների փորձաշրջանով ներգրավման մեխանիզմ: Նախարարի խոսքով՝ այս կարգավորումը հնարավորություն կտա սկսելու աշխատանքն այն հավակնորդների հետ, որոնք գուցե այս պահին բավարար կարողություններ ունենալու առումով խնդիր ունեն, սակայն անհրաժեշտ վերապատրաստումների և աջակցության պարագայում կարող են լիարժեք իրականացնել այդ աշխատանքը:

«Օրենքի նախագծով հստակեցնում ենք բոլոր այն դեպքերը, երբ տնօրեն էին հանդիսանում անձինք, որոնք տվյալ պահին ունեին հավաստագիր, սակայն հետագա պաշտոնավարման ժամանակ, երբ հավաստագրի ժամկետը լրանում էր, օրենքի ուժով նրանք շարունակում էին պաշտոնավարել, բայց անհնար էր դառնում նրանց հանդեպ որոշակի քայլերի ու քաղաքականությունների կիրառումը»,- նշել է նախարարը՝ մանրամասնելով օրենսդրական նշված փոփոխության անհրաժեշտությունը:

Տնօրենի գործառույթներում կարևորվել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հետ կատարվող աշխատանքը: Տնօրենների և վարչատնտեսական համակարգողների մասով էլ սահմանվել է քաղաքական զսպվածության պահանջը, որը, ըստ Ժաննա Անդրեասյանի, հանրակրթական հաստատությունները զերծ կպահի քաղաքականացման և կուսակցականացման վտանգից:

Սահմվել են նաև ուսուցիչների հերթական և կամավոր ատեստավորման հետ կապված ընթացակարգերը՝ հստակեցնելով դրանց տարբերությունները, ինչպես նաև «մենթոր դպրոց» հասկացությունը:

Մյուս կարևոր փոփոխությունը, ըստ Ժաննա Անդրեասյանի, իրականացվել է մանկավարժահոգեբանական աջակցություն իրականացնող մասնագետների համար՝ սահմանելով աշխատավարձի հետ փոխկապակցված մասնագիտական զարգացման հնարավորություններ նաև նրանց համար:

ԱԺ-ում նախագծի ներկայացումից հետո՝ հարցուպատասխանի ընթացքում, նախարարն անդրադարձել է նաև Հանրակրթության նոր չափորոշչի փուլային ներդրման շրջանակում նոր դասագրքերի ստեղծմանը՝ շեշտելով, որ «13 դասագիրք չի մտել դպրոց» արտահայտությունը իրականությանը չի համապատասխանում: Նախարարի խոսքով՝ 10 առարկայի պարագայում, որոնք հիմնականում վերաբերում են օտար լեզուներին, իսկ 10-րդ դասարանում նաև «Կենսաբանություն» և «Քիմիա» առարկաներին, գործածվում են նախորդ տարվա դասագրքերը, հետևաբար սովորողներն ապահովված են դասագրքերով։

«Դասագրքերի բացակայություն կա ընդամենը 2-3 առարկայի պարագայում, որոնցից երկուսը ««Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի 7-րդ և 8-րդ դասարանի դասագրքերն են, որտեղ դասագիրքը շատ պայմանական է, որովհետև այդ առարկայի դասավանդման համար ավելի կարևոր են առցանց նյութերը, որոնք առկա են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ տպագրության չի երաշխավորվել նաև «Հայոց պատմություն 10» առարկայի դասագիրքը, որի ուսուցումն այս ուստարում կկազմակերպվի ուսումնական նյութերի՝ համապատասխան թղթապանակի միջոցով՝ զարգացնելով նաև երեխաների մտածողությունը։

Նախարարը պատասխանել է պատգամավորների այլ հարցերին ևս, որոնք վերաբերել են դպրոցների կառուցման և վերակառուցման աշխատանքների ընթացքին, մենթոր դպրոցների ընտրությանն ու գործառույթներին, դպրոցներում քաղաքական զսպվածության ձևակերպմանը, ինչպես նաև ոլորտային այլ խնդիրների:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: