«Winds of Armenia» առագաստանավային ակումբը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայկական առագաստանավային ֆեդերացիայի համագործակցությամբ սեպտեմբերի 6-8-ը Սևանա լճում առաջին անգամ անցկացրել է J/70 դասում առագաստանավային սպորտի Հայաստանի բաց առաջնությունը:
Մրցաշարին մասնակցել են ավելի քան 20 թիմեր՝ Հայաստանից, Պորտուգալիայից, Կիպրոսից, Էստոնիայից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից:
Առաջնության մասնակիցներին տեսաուղերձով դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Սևանա լիճը որպես մրցավայր ընտրելու, Հայաստանում առագաստանավային սպորտը նոր մակարդակի հասցնելու և առաջին անգամ նաև J/70 դասում Հայաստանի առաջնություն անցկացնելու համար:
Հայաստանի բաց առաջնությունում երրորդ տեղն են զբաղեցրել և բրոնզե մեդալներին արժանացել Պորտուգալիայի ներկայացուցիչները, որոնք հանդես են եկել «Active Sailing» թիմով: Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նրանց մրցանակները հանձնել են Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանն ու ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը:
Երկրորդ տեղը զբաղեցրել են Ռուսաստանը ներկայացնող «Trem Sailing» թիմի առագաստանավորդները, իսկ չեմպիոնի կոչմանն արժանացել են Ռուսաստանի մեկ այլ թիմի՝ «Have Fun»-ի ներկայացուցիչները:
Առաջնության գլխավոր մրցավարն իտալացի Լուկա Բաբինին էր, որն աշխատել է Լոնդոնի Օլիմպիական խաղերում, Ամերիկայի գավաթում, մարզաձևի Եվրոպայի առաջնություններում և բազմաթիվ այլ հեղինակավոր մրցումներում։ Առաջնությունում ընդգրկվել են նաև մի շարք այլ անվանի մրցավարներ: