ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին Վայոց ձորի մարզից: Այդ օրը ծրագիրը կհյուրընկալվի Ելփին և Արենի գյուղերի միջնակարգ, սեպտեմբերի 11-ին՝ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի միջնակարգ, սեպտեմբերի 12-ին՝ Գորիսի Ս. Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական, իսկ սեպտեմբերի 13-ին՝ Վաղատին գյուղի միջնակարգ դպրոցներում:

Երրորդ տարին անընդմեջ անցկացվող ծրագրի հիմնական նպատակն է կամրջել թանգարաններն ու կրթական հաստատությունները, նպաստել արվեստ և կրթություն կապի ամրապնդմանը:

Ծրագրի առաջին փուլն անցկացվել է մայիսի 2-17-ը, որին մասնակցել են Հայաստանի տարբեր համայնքների, այդ թվում՝ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Ջանֆիդա գյուղի, Արարատի մարզի Դվին, Գետազան համայնքների, Կոտայքի մարզի Նուռնուս և Բջնի, Տավուշի մարզի Հաղարծին և Աչաջուր, Լոռու մարզից Գյուլագարակ, Ամրակից, Արդվի, Օձուն գյուղերի և Արագածոտնի մարզից Ապարան քաղաքի և Ծիլքար գյուղի հանրակրթական ուսումնական հաստատությունների աշակերտները:

Ծրագրի շրջանակում ՀՀ մարզային դպրոցների աշակերտներին հնարավորություն է տրվում ծանոթանալու Հայաստանի ազգային պատկերասրահին և վերջինիս գործունեությանը: Ներկայացվում են պատկերասրահի պատմությունը, կառուցվածքը, «թանգարանային առարկա» հասկացությունը, դրա անվտանգության ու պահպանման կանոնները: Նախագծի կարևոր և բաղկացուցիչ մաս է կազմում Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդապահոցներում պահվող բարձրարժեք թանգարանային առարկաների ցուցադրությունը:

Ծրագրում ընդգրկված են 3-13-րդ դարերի հայկական մոնումենտալ արվեստի օրինակներ, ինչպես նաև 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի հայկական կերպարվեստի առանցքային հեղինակների` Փանոս Թերլեմեզյանի, Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Երվանդ Քոչարի, Հակոբ Կոջոյանի, Հենրիկ Սիրավյանի, Մինաս Ավետիսյանի, Սարգիս Մուրադյանի հայտնի ստեղծագործությունները: Տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված են մի քանի թեմատիկ ծրագրեր` «Գույների աշխարհում», «Մոնումենտալ արվեստ», «Ազգային էպոս», «Իմ Կոմիտասը», «Բեմանկարչության արվեստը» և «Գեղանկար տարածության մեջ»: Յուրաքանչյուր թեմատիկ ծրագրի շրջանակում ներկայացվում են համապատասխան ստեղծագործություններ, կազմակերպվում կրթական ծրագրեր և դասախոսություններ, որոնք վարում են պատկերասրահի լավագույն մասնագետները:

«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագրի շրջանակում կազմակերպված թեմատիկ ցուցադրությունների, դրանց նվիրված կրթական ծրագրերի և դասախոսությունների միջոցով աշակերտներին ներկայացվում են հայկական կերպարվեստի խոշորագույն վարպետները, կերպարվեստի տեսակներն ու ժանրերը, գեղանկարի և գրաֆիկայի տեխնիկաները, նյութը, թանգարանագետի և արվեստաբանի մասնագիտությունները:

Ծրագրի ավարտից հետո մասնակիցները ստանում են պատկերասրահի գլուխգործոցները ներկայացնող փոքրիկ հուշանվերներ:

Ծրագիրը միտված է նաև թանգարանային գործունեության ապակենտրոնացմանը և կրթական հաստատությունների ու թանգարանների միջև կապի ամրապնդմանը: