Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Դպրոցականների ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագրի համերգաշրջանի մեկնարկը:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Ողջունելով ծրագրի մասնակից երեխաներին և ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով:
«Նոր ուսումնական տարին հանրակրթական դպրոցների համար հայտարարել ենք մշակութային կրթության տարի, և այս կրթամշակութային միջոցառմանը մեր ներկայությունը պատահական չէ: «Դպրոցականների ֆիլհարմոնիան» մեր լուրջ ավանդույթներ ունեցող ծրագրերից է, որին մասնակցելով դուք էլ եք համոզվել, թե մշակույթն ու արվեստն ինչ կարևոր են անձի զարգացման ու լայն աշխարհայացքի ձևավորման համար: Արվեստն իր ժանրային տարբեր դրսևորումներով չվախենալու, երազանքների հետևից գնալու, բարձր արժեքներ ստեղծելու և դրանց ձգտելու ամենաիրական ճանապարհն է: Հատկապես երաժշտությունն օգնում է հասնել երազանքին, քանի որ այն մեր կյանքի բոլոր իրավիճակներում միշտ ուղեկցում է մեզ, միշտ օգնում է երազել»,- ասել է նախարարը՝ դիմելով երեխաներին և մաղթելով նրանց նորանոր տպավորություններ և ոգևորվածություն:
Նա նաև շնորհակալություն է հայտնել ծրագրի աշխատակազմին՝ նշելով, որ երեխաների հետ աշխատելը մեծ պատասխանատվություն է, և մասնագետների ջանքերն ու ներդրումը անչափ կարևոր են ծրագրի կայացման գործում: Միջոցառման շրջանակում ծրագրի սաները հանդես են եկել երաժշտական կատարումներով, իսկ ամառային դպրոցի սաները «Հարվածային գործիքներ» դասընթացի շրջանակում պարգևատրվել են հավաստագրերով:
Նշենք, որ «Դպրոցականների ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագիրը երաժշտական հանդիպումների շարք է, որի ընթացքում ՀՀ հանրակրթական դպրոցների սովորողներին ներկայացվում է դասական, ազգային և ժամանակակից երաժշտություն: Նախագիծը ներառում է դաս-համերգներ, երաժշտական տարբեր ուղղություններ ներկայացնող երաժիշտները և երաժշտագետներն իրականացնում են բանախոսություններ, վարպետության դասեր։ «Դպրոցականի ֆիլհարմոնիա» ծրագրի նպատակն է աշակերտներին ծանոթացնել արվեստագետների հետ և նրանց ստեղծագործություններին, անմիջական շփման արդյունքում հաստատել և ամրացնել երիտասարդների ու երաժշտարվեստի միջև կապը։
Ծրագիրն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Կրթամշակութային ծրագիրը նախատեսված է մայրաքաղաքի և մարզերի հանրակրթական դպրոցների, ինչպես նաև մշակութային և երաժշտական հաստատությունների աշակերտների համար։