ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնի երկրորդ փուլը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, մանկավարժ Գեղունի Չթչյանի հոբելյանին նվիրված համերգով:
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը անվանի կոմպոզիտորին նվիրված համերգի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանին նվիրված՝ հեղինակի Կամերային սիմֆոնիան Հայաստանի պետական կամերային նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Գրիգոր Առաքելյան), ինչպես նաև երկու ռոմանս («Երգ Հիշատակի» խոսք՝ Յուրի Սահակյանի և «Գարունդ հայերեն է գալու» խոսք՝ Համո Սահյանի) սոպրանոյի և դաշնամուրի համար: Ստեղծագործությունները կկատարեն ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո Աննա Մայիլյանը և Էլեն Կիրակոսյանը (դաշնամուր):
Համերգի երկրորդ բաժնում Հայաստանի պետական կամերային նվագախումբը կկատարի հայ ժամանակակից կոմպոզիտորներ Ժիրայր Շահրիմանյանի «Սերենադ», Աշոտ Ղազարյանի «Երաժշտություն հ. 3», Իրինա Խաչատրյանի «Introlude» և Արսեն Հարությունի «Խաղեր» (դաշնակահար՝ Անահիտ Դիլբարյան) ստեղծագործությունները, որոնք հայ ունկնդրին կներկայացվեն առաջին անգամ:
Համերգային երեկոն կվարի երաժշտագետ Նարինե Ավետիսյանը:
Հավելենք, որ փառատոնի աշնանային համերգաշարի շրջանակում ներկայացվելու է նաև հայ կոմպոզիտորների խմբերգային և սիմֆոնիկ երաժշտություն՝ Երևանի պետական կամերային երգչախմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ: