ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2025 թ․ ծրագրի իրականացման դրամաշնորհային մրցույթ:
Մրցույթի հիմնական նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։ Հաղթող մասնակիցը (մասնակիցները) հրատարակելու է /են/ անվանակարգի չափանիշներին համապատասխան գրականություն՝ յուրաքանչյուր գրքից 1000 օրինակ տպաքանակով, որից 250-ը բաշխելու է արտասահմանյան գրադարաններին: Նախընտրելի լեզուներն են՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն ռուսերեն, արաբերեն:
Գրականության թեմատիկ ուղղվածություններն են՝
- Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը.
- Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը.
- Պատմագրություն.
- Հնագիտական ժառանգություն.
- Հայկական հետքը և մշակութային ժառանգությունն աշխարհում.
- Ուրարտագիտություն.
- Դասական և ժամանակակից արժեքների միջազգայնացում:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2024 թ․ հոկտեմբերի 10-ը՝ ժամը 11:00-ն: