ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում՝ «Թվային կրթության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում, ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) պաշտոնապես ներկայացրել է հանրակրթական դպրոցներում արհեստական բանականության (ԱԲ-ի) ոլորտի խորացված կրթության ներդրման հայաստանյան փորձառությունը։
Մեկ հարկի տակ միավորելով աշխարհի տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչների, կրթության նախարարների, հետազոտական ու կրթական հաստատությունների (Հարվարդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և այլք) անդամների՝ միջոցառումը նպատակ ուներ քննարկելու աշխարհում ԱԲ կրթության ներդրման միջոցներն ու եղանակները թե՛ ազգային մակարդակում, թե՛ ոլորտային առաջատարների ներգրավմամբ։
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի Ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը, ներկայացնելով ազգային մակարդակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» դպրոցական ծրագիրը, միջազգային կրթական համայնքի և քաղաքականություն մշակողների հետ կիսել է մասնավոր-պետություն գործակցության FAST-ի փորձառությունը ծրագրի կայուն զարգացման և ընդլայնման գործում։
«Ավելի քան վեց տարի է՝ մենք մասնակից ենք կրթության թվային փոխակերպման և ԱԲ կրթության շուրջ միջազգային երկխոսությանը: Այսօր մենք ուրախ ենք տեսնելու, որ ԱԲ ոլորտում ստեղծարարների ու նորարարների կերտման և նման ծրագրերի ընդլայնման մեր տեսլականը դառնում է միջազգային օրակարգի մաս և թույլ է տալիս ձևավորել ոչ միայն պարզապես ԱԲ-ի կիրառման հարցում գրագետ, այլև տեխնոլոգիական զարգացման ապագան առաջնորդող սերունդ։ «ԱԲ սերունդ» ծրագիրը ցույց է տալիս Հայաստանի դերն ու ներուժը դպրոցական մակարդակում խորացված ԱԲ կրթության ներդրման և կրթական նորարարության առաջնորդման գործում»,- նշել է Սյուզաննա Շամախյանը։
«ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական պատվիրակության համար նշանակալից հնարավորություն է կիսել Հայաստանի առաջընթացն ԱԲ կրթության ոլորտում և իր մասնագիտական փորձով հանդես գալ կրթության ապագան ձևավորող միջազգային քննարկումներում»,- իր հերթին նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։
FAST հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Այս նպատակով հիմնադրամն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են երեք կարևոր հիմնասյուներում՝ կրթություն, գիտություն և գիտական արդյունքի առևտրայնացում, խորքային փոփոխություններ բերելուն: Իր գործունեության վեց տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 26 ծրագիր ավելի քան 15 հազար շահառուի համար։
«ԱԲ սերունդ» դպրոցական նախագիծը նույնանուն ծրագրի առաջին բաղադրիչն է, որն իրականացնում է FAST-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ՝ ոլորտային կառույցների գործակցությամբ։ Ծրագրի նպատակն արհեստական բանականության ոլորտի նորարարի և հետազոտողի ողջ կրթական ուղու ձևավորումն է՝ սկսած ավագ դպրոցից։ «ԱԲ սերունդ»-ն ընդգրկում է ՀՀ 7 մարզի 15 ավագ դպրոց և մասնակից շուրջ 500 աշակերտ ողջ Հայաստանից։ Մինչև 2026-ը նախատեսվում է ծրագիրը հասանելի դարձնել հանրակրթական դպրոցների աշակերտների ավելի քան 80%-ի համար։