ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով:
Հստակեցվում է «առանց ընդհատման» հասկացությունը: Ըստ այդմ՝ տարկետման իրավունք կունենան Հայաստանում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա հիմնական կրթությունն ավարտելու տարում՝ առանց ընդհատման արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով ընդունված և սովորող քաղաքացիները: Հանրակրթական կամ արհեստագործական ծրագրերով սովորելու դեպքում տարկետում տրվելու է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողին՝ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան քաղաքացու 20 տարին լրանալու օրը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախագիծը կհեշտացնի հազարավոր շահառուների կյանքը, կբարելավի գործընթացի կազմակերպումը:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: