ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 3-ին գումարված նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրինագիծը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է՝ առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը ներկայացրել է խմբագրական և տեխնիկական բնույթի առաջարկներ և նախաձեռնության հեղինակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ մշակվել են բազմաթիվ դրույթներ:

Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ օրենքում առկա կետերից մեկը՝ հուշարձանների տեղափոխության վերաբերյալ, իսկապես, խնդիրներ է առաջացնում մեր քաղաքացիների համար, իսկ նոր փոփոխությամբ նմանօրինակ հարցերը կարգավորվում են:

Առաջարկվող այլ փոփոխություններով, մասնավորապես, արգելվում է հուշարձանների պահպանությունը և օգտագործումը քաղաքական, գաղափարախոսական, կրոնական, ռասայական, էթնիկ և ազգային խտրականության նպատակներով: Արգելվում է զինված ընդհարման կամ պատերազմական գործողությունների ժամանակ հուշարձանների, դրանց անմիջական շրջակայքի և պահպանության գոտու օգտագործումն ու վերափոխումն այնպիսի նպատակներով, որոնք կարող են հանգեցնել հուշարձանի ավերմանը կամ վնասվելուն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաև ««Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է՝ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են մի քանի փոփոխություններ:

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովին անդամակցելով՝ մենք ունենք պարտավորություններ միության տարածքից հնագիտության և հնէաբանության հավաքածուների և հավաքածուների առարկաների, բրածո կենդանիների և ոսկորների արտահանման թույլտվություն տրամադրելու կարգը մշակելու առումով: Այս հարցը լուծում ենք՝ լիազորող նորմ սահմանելով»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ նախագծով լրացվում են օրենքի հասկացությունները՝ մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպություն, տրանսպորտային միջոցներ, ավելանում է պետության կողմից գնման իրավունքի ժամկետը. այն 1-ից դառնում է 2 ամիս, ստեղծվում են լիազորող նորմեր՝ մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրման կարգի ու չափորոշիչների սահմանման համար:

Առաջարկվում է ամրագրել իրավական նորմ, որը ՀՀ կառավարությանը հնարավորություն կտա սահմանելու մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրումը: Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ օրենքով կամրագրվի նաև կրկնակի փորձաքննության հնարավորությունը:

Հարակից զեկուցող, պատգամավոր Թագուհի Ղազարյանն առաջարկել է օրենքի 7-րդ հոդվածում ավելացնել նոր կետ, ըստ որի` Կառավարությունը լիազորված է լինելու հաստատել մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգը: Առաջարկն ընդունվել է:

Քննարկված նախաձեռնություններն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը: