ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ փոփոխությունները մեծամասամբ վերաբերում են դպրոցների կառավարմանը, ինչպես նաև ուսուցիչների ատեստավորման գործընթացին:
Ըստ նախարարի՝ օրենքի համապատասխան հոդվածում հերթական և կամավոր ատեստավորումների ընթացակարգերին վերաբերող դրույթները շարադրված էին ընդհանուր կարգավորումներով, որոնք կիրառման ժամանակ որոշակի դեպքերում հստակություն էին պահանջում: Նախագծով դրանք առանձնացվել են՝ յուրաքանչյուր միջոցառման համար սահմանելով համապատասխան իրավակարգավորումներ: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նման հստակեցումները կօգնեն, որ թե՛ ուսուցիչների համար ավելի կանխատեսելի և տեսանելի, թե՛ օրենքի կիրարկման տեսանկյունից ավելի հստակ քաղաքականություն վարվի:
«Հստակեցվել են նաև ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատմանը վերաբերող դրույթները և, մասնավորապես, առարկայական գիտելիքի մասով կամավոր ատեստավորման եղանակով իրականացման հնարավորությունը, որը լրացվել է ամբողջությամբ և այս պահից արդեն հերթական ատեստավորման ենթակա այն ուսուցիչների պարագայում կգործի, որոնց կարիքը գնահատվել է առարկայական գիտելիքի իմացության մակարդակում: Սա նշանակում է՝ եթե ուսուցիչը գնահատվել է, և ակնհայտ է, որ նա ունի առարկայական գիտելիքի խնդիր, ապա նրա համար պարտադիր է դառնում կամավոր ատեստավորման կամ այլ կերպ ասած՝ առարկայական գիտելիքի ստուգման եղանակով ատեստավորման անցկացումը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ նոր չափորոշչի ներդրման գործընթացով պայմանավորված՝ հստակեցվել են ուսուցչի աշխատաժամանակի փոփոխությունները: Լրացվել է օրենքի համապատասխան կետը, որով սահմանվում է՝ նոր չափորոշչի ներդրմամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում տարրական դասարաններում դասավանդողների համար 1 դրույքի համար 18 ժամ է, իսկ 5-12-րդ դասարաններում՝ 20 դասաժամ. «Սա բավական լուրջ որակական փոփոխություն է, քանի որ մանկավարժական տեսանկյունից շաբաթական 22 դասաժամն ի սկզբանե սխալ որոշում էր: Մեր ուսուցիչները կունենան բավարար ժամանակ դասերին նախապատրաստվելու, դասերի արդյունքները վերլուծելու համար: Այս տարվանից 12 դասարաններից 7-ում արդեն գործելու է նոր չափորոշիչը, այնպես որ, կարծում եմ, մեր ուսուցիչները շատ ավելի մեծ չափով կզգան այս փոփոխությունը»:
Անդրադառնալով դպրոցների կառավարմանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ նախագծում ներառվել է «մենթոր դպրոցի» սահմանումը: Նրա խոսքով՝ այսօր էլ համակարգում առկա են դպրոցներ, որոնք առանձնանում են իրենց կարողությունների բարձր մակարդակով ու նաև աջակցում են մյուս դպրոցներին՝ հանդիսանալով վերապատրաստումների և խորհրդատվությունների կենտրոն: Սա նաև օգնում է ապակենտրոնացնել համակարգը, որտեղ, Ժաննա Անդրեասյանի խոսքով, լոկալ կարողություններն օգտագործվում են և զարգացվում:
Առաջարկվող մյուս կարևոր փոփոխությունն այն է, որ առաջարկվում է առավել հստակեցնել քաղաքական զսպվածության անհրաժեշտությունը տնօրենների և վարչատնտեսական համակարգողների պաշտոններ զբաղեցնելու պարագայում, ինչը, Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ, կարևոր հանձնառություն է և հետևողականորեն իրականացվում է՝ կրթական համակարգը զերծ պահելու կուսակցականացման և քաղաքականացման ջանքերից:
«Տնօրենը և համակարգողն իրենց պաշտոնավարման ընթացքում պարտավոր են դրսևորել քաղաքական զսպվածություն, իրենց պաշտոնեական դիրքն ու աշխատանքային միջոցները չօգտագործել կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի համար, կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար: Քաղաքական զսպվածության պահանջը վարքային պահանջ է սահմանում ու նաև համապատասխան պատժամիջոցների հնարավորություն է ընձեռում. եթե որևէ մեկը կխախտի այս դրույթը, ապա համապատասխան հետևանքները կկիրառվեն»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է՝ հստակեցվում են հաստատության տնօրենի հավակնորդի հավաստագրման, դրա գործունեության ժամկետի հետ կապված դրույթները, սահմանվում են տնօրենի նկատմամբ փորձաշրջանի, տնօրենի գործուղման հնարավորությունները, հստակեցվում են տնօրենի պարտավորությունները և այլն:
Մյուս կարևոր փոփոխությունը, ըստ Ժաննա Անդրեասյանի, իրականացվել է մանկավարժահոգեբանական աջակցություն իրականացնող մասնագետների համար:
«Օրենքի ներկա ձևակերպումները վերաբերում են միայն Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող կենտրոնների աշխատակիցներին, բայց մանկավարժահոգեբանական աջակցություն իրականացնող մասնագետներ ունենք թե՛ դպրոցներում, թե՛ այլ մարմիններում: Խմբագրական փոփոխությունը հնարավորություն է տալիս այսպիսի մասնագետների կամավոր ատեստավորման կարգը ու դրա արդյունքում նախատեսվող հավելավճարները տարածել ոլորտում աշխատող մասնագետների համար ընդհանրապես: Սա հատկապես խնդիր է դպրոցում աշխատող հոգեբանների և այլ մասնագետների պարագայում, որոնք օրենքի գործող ձևակերպմամբ դուրս էին մնում այս կարգավորումներից»,- նշել է նախարարը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ հաշվի առնելով մի շարք դիտարկումներ՝ հիմնականում լիազորող նորմերում իրականացվել են համապատասխան լրամշակումներ, որպեսզի իրավական ակտերը լինեն ավելի հստակ: Նրա խոսքով՝ ենթաօրենսդրական ակտերի փոփոխության համար 6 ամիս ժամանակ է նախատեսված:
Զեկուցումից հետո ԿԳՄՍ նախարարը պատասխանել է նաև ԱԺ պատգամավորների հարցերին:
«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն և առաջարկվել է այն ներառել է ԱԺ լիագորմար նիստերի օրակարգ: