ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Գոշ գյուղում ներկա է եղել հատուկ կարիքներ ունեցող անձանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 4-րդ ներառական փառատոնին:

Այս տարի «Ճախրուկ» ներառական փառատոնին ընդգրված էր շուրջ 350 մասնակից։ Հայաստանից փառատոնին մասնակցել են Խարբերդի մասնագիտացված մանկատան, Գյումրու «Մանկան տուն» մանկատան, Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի, «Մարի Իզմիրլյան» մանկատան, «Ձորակ» խնամքի կենտրոնի, Գավառի և «Զատիկ» մանկատների, հատուկ կրթահամալիրների, Երևանում և ՀՀ տարբեր մարզերում գործող հասարակական կազմակերպությունների, ցերեկային խնամքի կենտրոնների սաները: Առաջին անգամ մասնակցել են նաև «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնի հաշմանդամություն ունեցող տարեցները, խնամատար ընտանիքներում ապրող երեխաներ և այլոք։

Արտերկրից փառատոնին մասնակցել են հատուկ կարիքներ ունեցող երեխաներ՝ Ղազախստանից, Սիրիայից։

Ներառական փառատոնին ընդգրկված էին նաև արվեստի և հանրակրթական դպրոցների աշակերտներ, երաժիշտներ, արվեստի գործիչներ Հայաստանից և արտերկրից։

«Ճախրուկ» փառատոնի հիմնադիրներ Աննա և Անահիտ Մխիթարյանները «Ճախրուկ» խորհրդանիշ են հանձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին։

Փառատոնի գործընկերներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը, Մարդու իրավունքների պաշտպանը, «Իմ քայլը» հիմնադրամը, Խարբերդի մասնագիտացված մանկատունը: