Գիտելիքի և դպրության օրվա շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել առաջին դասարանցիների շնորհավորանքի հանդիսավոր արարողություն։
Միջոցառմանը մասնակցել են շուրջ 500 երեխաներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններից. նրանց համար կազմակերպվել է «Օլիմպիկուս» մուլտֆիլմի դիտում։
Երեխաներին ողջունել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։
Միջոցառումը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համագործակցությամբ։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է աշակերտներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ նրանց մաղթելով բարի երթ. «Ձեզ համար գուցե մի փոքր բարդ, բայց շատ հետաքրքրիր նոր ճանապարհ է բացվում, որտեղ ձեզ սպասվում են նոր գիտելիքներ ու կարողություններ: Մաղթում եմ, որ բազմաբովանդակ և հետաքրքիր ուսումնառություն ունենաք և նոր բացահայտումներ կատարեք գիտելիքի անհուն աշխարհում»:
«Օլիմպիկուս» մուլտֆիլմը, ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալի, միտված է սեփական ուժերին հավատալու, երազանքի հետևից գնալու ձգտմանը, ինչը շատ կարևոր է երեխաների համար:
Նրա խոսքով՝ դպրոցներում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են դպրոցում կրթության որակի փոփոխությանը, ուսուցիչների կարողությունների զարգացմանը, դպրոցներում նոր միջավայրի ստեղծմանը: Այս համատեքստում Ա. Սվաջյանը կարևորել է ուսուցիչների ու ծնողների համատեղ ջանքերը. «Բոլորս իրար աջակցելով կարող ենք ապահովել այն արդյունավետ կրթության ճանապարհը, որ ուզում ենք մեր երեխաների համար»:
Լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ նոր չափորոշչի ներդրման դրական արդյունքներն արդեն նկատելի են, որի մասին վկայում են նախորդ տարվա միջազգային ուսումնասիրությունները, որը կատարվել է Համաշխարհային բանկի կողմից: Սակայն գործընթացի ամբողջական արդյունքների համար ժամանակ ու համբերատարություն են պահանջում. «Թեև առաջին դասարանում չափորոշիչը դեռ ներդրված չէ, բայց ուսուցիչներն արդեն իսկ վերանայում են իրենց մոտեցումները դասընթացի կազմակերպման ողջ գործընթացում: Վստահ եմ՝ այն դրական սպասումները, որ ունեն ուսուցիչները, արդարացվելու են իրենց իսկ ջանքերով»,- ասել է Ա. Սվաջյանը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը ևս շնորհավորել է առաջին դասարանցիներին և նշել, որ ամեն ինչ արվելու է՝ ուսումնական գործընթացն առավել արդյունավետ և բովանդակային դարձնելու համար:
Ֆիլմը դիտելուց հետո երեխաները ստացել են խրախուսական նվերներ, ինչպես նաև քննարկել են մուլտֆիլմը, հայտնել իրենց կարծիքն ու տպավորությունը: