Այսօրվանից մեկնարկում է 2024-2025 ուսումնական տարին: Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է մի շարք ուսումնական հաստատություններ և շնորհավորել աշակերտներին ու մանկավարժներին:
Նախարարի տեղակալի առաջին կանգառը Երևանի թիվ 167 հիմնական դպրոցն էր: Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է Գիտելիքի օրվա կապակցությամբ և նշել, որ իրականացվող բարեփոխումների ֆոնին բազմաթիվ ծրագրեր են նախատեսվում, որոնք ուսումնական գործընթացն առավել հետաքրքրական կդարձնեն:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն իրազեկել է, որ ուսումնական տարին հայտարարված է մշակութային կրթության տարի. «Ամեն ինչ պետք է անենք, որ մշակույթի բոլոր ոլորտները կրթության գործընթացում հնարավորինս շատ ընդգրկվեն: Մշակութային տարվա շրջանակում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված»:
Օրվա շրջանակում դպրոցում տեղի է ունեցել նաև նախակրթարանի բացում՝ նախատեսված 25 սանի համար: Ընդհանուր առմամբ՝ Երևանի թիվ 167 հիմնական դպրոց հաճախում է 300 աշակերտ: Դպրոցի ամենակրտսեր սովորողներին ևս շնորհավորել է Արաքսիա Սվաջյանը և մաղթել հետաքրքիր ուսումնառություն:
Օրվա հաջորդ կանգառը Երևանի թիվ 198 ավագ դպրոցն էր: Շնորհավորելով աշակերտներին՝ Արաքսիա Սվաջյանն ասել է. «Հետաքրքիր, արդյունավետ, գործունեության բազմազան ձևերով, նոր գիտելիքով ու կարողություններով լի տարի եմ մաղթում: Այս տարվանից հանրակրթության նոր չափորոշիչը ներդնում ենք նաև ավագ դպրոցներում, ինչը, ի թիվս բազմաթիվ այլ բաղադրիչների, յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն է տալու իր համար նախընտրելի ու հետաքրքիր առարկաներ ընտրել՝ առավել խորքային ուսումնասիրելու: Հուսով եմ՝ դա ձեզ ավելի շատ կկապի դպրոցին, և հենց դպրոցի պատերի ներսում կսկսեք պատրաստվել բուհական քննություններին»:
Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ նոր չափորոշչի ներդրումն ուսուցիչներից առավել մեծ պատրաստվածություն ու ջանքեր կպահանջի: «Վստահ եմ՝ միասնաբար այս փորձությունը ևս կհաղթահարենք, որովհետև նախորդ տարիների փորձն արդեն իսկ ցույց է տվել, որ մեր ուսուցիչների մոտ նոր փոփոխություններ իրականացնելու և համբերատար աշխատելու ցանկությունն առկա է»,- ասել է նա և կոչ արել ուսուցիչներին ավելի ակտիվորեն մասնակցել բարեփոխումների գործընթացին:
Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է ուսումնառության ընթացքում հետադարձ կապի անհրաժեշտությունը՝ իրականացվող փոփոխությունները վերլուծելու, դրանք կատարելագործելու և հնարավորինս արդյունավետ իրականացնելու նպատակով:
Նշենք, որ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում սովորում է 320 աշակերտ:
Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է նաև Երևանի պետական հումանիտար քոլեջի ուսանողներին: «Սա ձեր ուսումնառության հետաքրքիր փուլերից մեկն է, որն ապահովելու է լավ փորձառություն: Այսօր իրականացվում են կրթության որակը փոխելու գործընթացներ, որտեղ բոլորը՝ սկսած ուսանողից և դասախոսից մինչև պետական պաշտոնյա, շատ կարևոր անելիքներ ունեն: Միջին մասնագիտական կրթության ոլորտում մեզ համար առաջնային խնդիրներից է ամրացնել կրթություն-աշխատաշուկա կապը, որովհետև այս համակարգը տնտեսության համար պահանջված մասնագետներ ապահովող առաջնային օղակն է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և մաղթել հետաքրքիր ու արդյունավետ ուսումնական տարի:
Երևանի պետական հումանիտար քոլեջ այս տարի ընդունել է 320 առաջին կուրսեցի՝ 7 մասնագիտությամբ: Նշենք, որ պետական միջոցներով վերանորոգվել է քոլեջի տանիքը:
Հաջորդաբար նախարարի տեղակալն այցելել է նաև Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի դպրոց, որտեղ անցյալ տարի շահագործման է հանձնվել մոդուլային նոր դպրոց:
Այցերի շրջանակում Արաքսիա Սվաջյանը շրջել է ուսումնական հաստատություններում, ծանոթացել ընթացիկ պայմաններին, հետաքրքրվել խնդիրներով, աշակերտներին ու ուսուցիչներին հուզող հարցերով: