Նոր ուսումնական տարվան ընդառաջ Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացվել է օգոստոսյան խորհրդակցություն, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ՀՄԿ-ի, մարզպետարանի մի շարք վարչությունների ներկայացուցիչներ։

Խորհրդակցության շրջանակում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ՝ կրթական ցուցահանդես, լավագույնը ճանաչված տնօրենների և ուսուցիչների պարգևատրման արարողություն, դասագրքերի բաշխման գործընթացի քննարկում և այլն։

Խորհրդակցությունից առաջ հյուրերը շրջել են Հրազդանում առաջին անգամ կազմակերպված կրթական էքսպոյում, որին մասնակցել են Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենները, նրանց տեղակալները, ուսուցիչները։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ծանոթացել է կրթօջախների կողմից ներկայացված նախագծային աշխատանքներին, զրուցել ուսուցիչների և աշակերտների հետ։

Արաքսիա Սվաջյանը նաև շնորհակալագրեր է հանձնել չափորոշչի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում լավագույնը ճանաչված տնօրեններին և ուսուցիչներին։

Խորհրդակցության ընթացքում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է հանրակրթության ոլորտում նոր ուսումնական տարվան ընդառաջ կատարված փոփոխություններին, նոր դասագրքերին և ուսումնական պլաններին, պարտադիր խմբակներին, արտադպրոցական կրթության կարևորությանը, վերապատրաստումների և կարողությունների զարգացմանը, նախադպրոցական կրթությանը, կամավոր ատեստավորմանը, տարակարգերի տրամադրմանը, Կոտայքի մարզի սովորողների՝ 2023-2024 թվականի ուստարվա ավարտական և միասնական քննության արդյունքներին և այլ հարցերի։

Հանդիպումն ամփոփվել է հարցուպատասխանով, կրթության ոլորտի պատասխանատուների կողմից վերհանվել և արձանագրվել են առկա խնդիրները, պարզաբանումներ են տրվել մի շարք հարցերի։