Ավարտվել է օգոստոսի 20-26-ը Դիլիջանի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի (Թումո) մասնաճյուղում կայացած «Նորարար միասին» ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը, որին մասնակցել է նաև Ֆրանկոֆոն միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի (CREFECO) տնօրեն Էմանուել Սամսոնը:

8 երկրի 16 ավագ դպրոցների աշակերտներ հնարավորություն ունեցան ֆրանսերենով աշխատելու ստեղծագործական և զվարճալի նախագծերի վրա՝ գեղարվեստական ​​ստեղծագործությունից մինչև ձայնային էֆեկտներ և ֆիլմերի կրկնօրինակում:

Ծրագրում ընդգրկված էին բազմաբնույթ ուսուցողական, ինտելեկտուալ, սպորտային միջոցառումներ։ Ծրագրի նպատակն էր սովորողների մեջ խթանել ֆրանսերենով հաղորդակցումը մշակութային երաժշտական, թատերական և այլ խմբակային նախագծերի իրականացմամբ։

Դանիայից ժամանած ֆրանսիացի արհեստավարժ դասընթացավար Րոմեն Լիեդոն աշակերտների համար իրականացրել է մասնագիտական կողմնորոշման հիանալի դասընթաց:

Այս իրադարձությունը մասնակիցների համար հրաշալի առիթ էր շփվելու և բացահայտելու տարբեր երկրների մշակույթը, սովորույթները և խոհանոցը՝ ունենալով իրական ֆրանկոֆոն միջավայր հաղորդակցության համար, ինչպես նաև բացահայտելու Հայաստանի տարբեր գողտրիկ անկյունները: Ճամբարի շրջանակում մասնակիցներն այցելել են Հաղարծինի վանք՝ միջնադարյան հոգևոր և մշակութային համալիր, ինչպես նաև զբոսնել Երևանի տեսարժան վայրերով: