Վ․ Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանը ևս ամռան ամիսներին հագեցած էր կրթամշակութային և ժամանցային ծրագրերով: Գրադարանն ունեցել է 1227 նոր ընթերցող և 10822 այցելու։ Գրադարանն իրականացրել է «Ամառային դպրոց» ծրագիրը, որը ներառում էր ինտերակտիվ, հետաքրքրաշարժ և ժամանցային դասընթացներ 6-14 տարեկան երեխաների համար։
Գրադարանը համագործակցել է Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի համայնքապետարանի, Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի, Գավառի գյուղատնտեսական քոլեջի, Գավառի մշակույթի տան, Գավառի ուսուցողական կենտրոնի և «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպության հետ։
«Բացահայտենք մեր տարածաշրջանի ստեղծագործողներին» ծրագրի շրջանակում տարեցների և երիտասարդների համար կազմակերպվել են գրքի շնորհանդեսներ, հանդիպում գրողների և մշակութային գործիչների հետ՝ նպաստելու տարածաշրջանի ստեղծագործող տարեցների և երիտասարդների ավելի լայն ճանաչմանը:
Կազմակերպվել են գրողների, մշակութային գործիչների հոբելյանական օրերին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթներ, որոնց ընթացքում ընթերցողները առիթ են ունեցել անձամբ շփվելու գրողների և նրանց մտերիմների, գրականագետների, արվեստի գործիչների հետ։
Կազմակերպվել են զրույց-քննարկումներ պատմական թեմաներով, ինչպես նաև հուշ-ցերեկույթներ՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոսներին։
Ազգային գրադարանի նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզային գրադարանում կազմակերպվել է սեմինար-հանդիպում մարզի շուրջ 25 համայնքային գրադարանների աշխատակիցների հետ, որի նպատակն էր փորձի փոխանակման միջոցով մշակել նախագծեր և տեխնոլոգիական լուծումներ, որոնք կհամապատասխանեն ընթերցողների պահանջներին, կբարելավեն գրադարանների գործունեությունը և կնպաստեն համագործակցության ընդլայնմանն այլ գրադարանների և մշակութային հաստատությունների հետ։