ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նոր ուսումնական տարվան ընդառաջ իրականացված աշխատանքները և ուսումնական հաստատությունների պատրաստվածության աստիճանը:
Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի շարունակվելու են հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման աշխատանքները 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում՝ հիշեցնելով, որ նախորդ տարի այն ներդրվել է 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում:
«Այս տարին, կարծում եմ, նույնպես լինելու է բարդ, քանի որ նոր չափորոշչի ներդրման գործընթացը շարունակվելու է. արդեն 7 դասարաններում աշակերտները կսովորեն նոր չափորոշչով: Քանի որ նախորդ տարվա փորձն արդեն ունենք, կարծում եմ՝ մեր դպրոցների համար ՀՓՉ ներդրման իրականացումն այս տարի ավելի դյուրին կլինի: Ամբողջությամբ իրականացվել է նոր դասագրքերի տպագրության գործընթացը, և այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, նաև ժամանակային որևէ ձգձգում չենք ունենա: Դասագրքերի մեծ մասն արդեն իսկ առաքվել է դպրոցներ, իսկ մի մասը կմատակարարվի մինչև այս շաբաթվա վերջ, և սեպտեմբերի հենց առաջին օրվանից երեխաներն ամբողջական փաթեթով կկարողանան իրականացնել դասապրոցեսը: Մնացած բոլոր նախապատրաստական աշխատանքները նույնպես իրականացվել են, և կարծում եմ՝ ուսումնական տարին հաջող սկսելու որևէ խոչընդոտ չունենք»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ նախարարությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում դպրոցների հետ:
Նիստի ընթացքում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է «500 մանկապարտեզ, 300 դպրոց» ծրագրի ընթացքը՝ նշելով, որ այս տարեսկզբին շահագործման էր հանձնվել 28 նոր կառուցված դպրոց. սեպտեմբերի 1-ի դրությամբ շահագործման կհանձնվի ևս 7-ը: Մինչև տարեվերջ կշարունակվեն և ավարտին կհասցվեն ևս 10 դպրոցի աշխատանքները: «Այսինքն՝ տարեվերջին կունենանք 45 ավարտված և շահագործման հանձնված դպրոցներ: Եվս 26 դպրոց գտնվում է շինարարության փուլում. նախատեսվում է, որ դրանք հիմնականում շահագործման կհանձնվեն 2025 թվականին: Անցյալ տարի մեկնարկել ենք նոր կառուցվող դպրոցների 111 նոր մրցույթներ, որոնցից 76-ի մասով արդեն առկա են աշխատանքների իրականացման պայմանագրեր, ևս 30 մրցույթ կհայտարարվի սեպտեմբերին: Այսինքն՝ այս տարին կամփոփենք նոր կառուցված և ընթացքի մեջ գտնվող 210-ը գերազանցող դպրոցների քանակով: Տարվա ընթացքում կսկսվեն նաև առնվազն 50 դպրոցի նորոգման աշխատանքներ: Այս հաշվարկում ներառված չեն այն դպրոցները, որոնցում նոր մարզադահլիճներ են կառուցվել: 21 դպրոցում կարող ենք աշխատանքներն ավարտված համարել. մինչև տարեվերջ դրանք կավարտենք նաև 8-ում»,- ասել է Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով, որ ԿԳՄՍ, ՏԿԵ նախարարությունների և Քաղաքաշինության կոմիտեի հետ ամենօրյա ռեժիմով հետևում են ծրագրի ընթացքին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է արդեն իսկ շահագործման հանձնված դպրոցներ պարբերաբար այցելություններ իրականացնելու, մանկավարժների և սովորողների կարծիքները լսելու, ինչպես նաև նոր կառուցվող դպրոցների սպասարկման համար միասնական ուղեցույց սահմանելու խնդիրները: