Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Գոհար Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել Չեխիայի Պլզեն քաղաքում անցկացվող վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնությունում։

10 մ վազող թիրախ մրցաձևի կանանց պայքարում Հայաստանը ներկայացնող մարզուհին կիսաեզրափակչում 6:2, իսկ արդեն եզրափակչում 6:1 հաշվով առավելության է հասել ուկրաինացի մարզուհիների նկատմամբ և նվաճել չեմպիոնի տիտղոսը։

Նույն պայքարում Արուսյակ Գրիգորյանը 550 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ Լիլիթ Մկրտչյանը 547 միավորով ցույց է տվել 7-րդ արդյունքը։ Տղամարդկանց պայքարում Հովհաննես Մարգարյանը 556 միավորով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։

Հայ հրաձիգները հաջող են հանդես եկել նաև թիմային պայքարում: Մասնավորապես,կանանց պայքարում Գոհար Հարությունյան-Լիլիթ Մկրտչյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը 1649 միավոր նվաճել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալները:

Վազող թիրախ ձևի Եվրոպայի առաջնության տղաների թիմային պայքարում Գոռ Խաչատրյան-Հայկ Մինասյան-Համլետ Կարենյան եռյակը 1618 միավորով դարձել է փոխչեմպիոն, իսկ նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան-Անահիտ Սարգսյան-Աիդա Ազատյան եռյակը 1510 միավորով նվաճել է բրոնզե մեդալ։

Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է ՀՀՖ գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանի և մարզիչներ Էդգար Բաղդասարյանի և Էդվարդ Ղարիբյանի գլխավորությամբ։ Նախքան մրցավայր մեկնելը թիմը նախապատրաստական ուսումնամարզական հավաք է անցկացրել Երևանում։