ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային արգելոցներ ստեղծելու որոշման նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարը հիշեցրել է՝ նախորդ տարի հաստատվել է Մշակույթի զարգացման, պահպանման և հանրահռչակման ռազմավարությունը, իսկ Կառավարության ծրագրով նաև ամրագրված է՝ պետք է իրականացնել մշակութային զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք ենթադրում են աշխատանք նաև հենց մշակույթի ոլորտում:

«Կարևորելով զբոսաշրջության դերը մեր երկրի տնտեսական զարգացման գործում՝ մշակութային զբոսաշրջության կայուն զարգացման և որակի շարունակական ապահովման համար ստեղծվում և զարգացվում են ոլորտը սպասարկող նոր ենթակառուցվածքներ, որոնք էլ հանդիսանում են նոր ուղղությունների ձևավորման հիմք: Հայաստանը, հանդիսանալով մշակութային ժառանգության և զբոսաշրջային ներուժի տեսանկյունից բավական մեծ պոտենցիալ ունեցող պետություն, շարունակում է պատմական, գիտական, գեղարվեստական, ազգագրական արժեք ներկայացնող և զբոսաշրջային գրավչություն ունեցող զբոսաշրջային տարածքները դարձնել պատմամշակութային արգելոցներ: Արգելոցների ստեղծումը նպատակ ունի ոչ միայն զբոսաշրջիկների համար հարմարավետ միջավայր ստեղծել, այլև հնարավորություն տալ իրականացնելու կրթական, գիտատեղեկատվական ու մշակութային գործունեություն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ «Երերույք», «Հին Խնձորեսկ», «Բերդկունք ամրոց» և «Նորատուսի խաչքարեր» պատմամշակութային հուշարձանների տարածքում ներկայում բացակայում են անհրաժեշտ ենթակառուցվածքները, և շատերն այդ վայրեր չեն այցելում՝ պարզապես դրանց մասին որևէ տեղեկություն չունենալու պատճառով:

Արգելոցների ստեղծման արդյունքում ձևավորվելու են նոր ենթակառուցվածքներ, բարեկարգվելու է տարածքը, տեղադրվելու է տոմսային տնտեսություն, և անցկացվելու է լուսավորություն, ինչն իր հերթին աշխուժացնելու է զբոսաշրջային հոսքերը հիշյալ համայնքներ։ Տարածքում կգործեն նաև մշտական պահակակետ, անվտանգության ապահովման համակարգ, էքսկուրսավարի և գիտաշխատողի ծառայություններ՝ բովանդակային միջավայրն ապահովելու համար:

Նախարարն ընդգծել է՝ արգելոցների ստեղծման արդյունքում շրջակա բնակավայրերի բնակիչները կստանան նաև տնտեսական գործունեության նոր միջավայրեր՝ իրացնելու իրենց արտադրանքը և մասնակցելու այդ արգելոցների շրջանակում զբոսաշրջային ուղիների կազմակերպմանը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ սա նաև հավելյալ հանրահռչակման աշխատանքներ իրականացնելու հնարավորություն է ընձեռում՝ մեծացնելով հանրության իրազեկվածությունն այս վայրերի վերաբերյալ:

Ժաննա Անդրեասյանը նաև կարևորել է՝ արգելոցների ստեղծումը չի հանգեցնում Կառավարության համար լրացուցիչ ֆինանսական պարտավորության. դրանց հետագա պահպանումն ու շահագործումն իրականացվելու է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի արտաբյուջետային միջոցների հաշվին:

«Մասնավորապես՝ արգելոցների ստեղծումից և տոմսային տնտեսության գործարկումից հետո հենց այդ տոմսերի վաճառքից էլ իրականացվելու է դրանց հետագա պահպանությունն ու զարգացումը: Սա Կառավարության շարունակական քաղաքականությունն է: 2018 թվականից առ այսօր մենք ստեղծել ենք 6 նոր պատմամշակութային արգելոց՝ «Բջնի ամրոց», «Սմբատաբերդ», «Դաշտադեմ ամրոց», «Մայրաքաղաք Դվին», «Աղձք», «Արտաշատ մայրաքաղաք»»,- ներկայացրել Է ԿԳՄՍ նախարարն ու հավելել՝ գործընթացը շարունակական բնույթ է կրելու:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով նմանօրինակ որոշման ընդունումը, նշել է՝ ՀՀ-ում կան բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնք մեր պատմական ժառանգության ու ինքնության կարևորագույն մասն են: Վարչապետի դիտարկմամբ՝ այդ պատմամշակութային հուշարձաններն առնվազն պահպանելու և դրանք վերականգնելու խնդիր ունենք:

Պատմամշակութային արգելոցները կապահովեն հուշարձանների ամբողջ տարածքի պատշաճ մշտական պահպանությունը, մասնագիտական ամբողջական ուսումնասիրման ու հանրահռչակման հնարավորությունը, զբոսաշրջային երթուղիներում արգելոցների տարածքի ներգրավումը։ Արգելոցների ստեղծումը միտված է պատմական, հնագիտական, ճարտարապետական անշարժ հուշարձանների, հուշարձանների համալիրների, հուշարձանախմբերի, պատմական և բնապատմական միջավայրի, մշակութային այլ արժեքների ուսումնասիրման և հանրահռչակման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

«Հուշարձանների պահպանման համար լրացուցիչ միջոցներ գեներացնելու հնարավորություն պետք է ունենանք: Այդ հուշարձանները պետք է լրացուցիչ եկամուտներ բերեն, և մենք այդ նպատակով ստեղծենք ենթակառուցվածքներ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Ժաննա Անդրեասյանը հավելել է, որ հուշարձանների պահպանության պատշաճ իրականացման նպատակով որոշակի կանոններ են սահմանվել, և արգելոցի կարգավիճակը տնտեսական գործունեության առումով արգելք չի հանդիսանում.

«Լրացուցիչ ենթակառուցվածքների զարգացման ծրագիր ենք մեկնարկել նախորդ տարեվերջին, որը մոդուլային կենտրոնների տեղադրումն է հուշարձան-արգելոցների շրջակայքում: Դրանք իրենցից ներկայացնում են տոմսի վաճառքի, փոքրիկ սրճարանի, հուշանվերների խանութի և այլնի ավելի արդիական միջավայր: Այս պահին «Բջնի ամրոցի», «Զորաց քարերի» և «Լոռու բերդի» հուշարձանների շրջակայքում իրականացվում են այդ աշխատանքները: Նախատեսվում է մոդուլային կենտրոնի տեղադրում Արտաշատ մայրաքաղաքի շրջակայքում»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրմանն ու ոլորտի այլ բարեփոխումներին: