Լոռու մարզային գրադարանում ամռան ամիսներին իրականացվել են 19 ծրագիր և 12 ցուցահանդես. այցելությունների թիվը կազմել է 27922, նոր ընթերցողների թիվը՝ 2087։

Ամռան ծրագրերի մեկնարկը տրվել է Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառումներով։ Գրադարանի աշխատակիցներն այցելել են Վանաձորի բժշկական կենտրոն ու Երեխաների զարգացման կենտրոն և գրքեր նվիրել երեխաներին։

Ամառային ճամբարի շրջանակում երեխաներն այցելել են մշակութային հաստատություններ, քաղաքում գործող տարբեր արտադրամասեր, անցկացվել է կավագործության վարպետաց դաս:

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ գրադարանը համալրվել է համակարգչային նոր սարքավորումներով, ինչի արդյունքում ընդլայնվել է գրադարանի ծառայությունների շրջանակը, մասնավորապես՝ մամուլի ենթաբաժնում տեղադրվել է EBSCO միջազգային հեղինակավոր ընկերության բազմալեզու տեղեկատվական շտեմարանը, որն ընթերցողներին հնարավորություն է ընձեռել օգտվել գիտական ամսագրերից և հոդվածներից։

Լոռու մարզային գրադարանի նախաձեռնությամբ Ստեփան Զորյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել Երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառում։ Միջոցառմանը մասնակցել են տարբեր սերունդների գրողներ, ուսանողներ, դասախոսներ, գրականագետներ, գրականությամբ հետաքրքրվող անձինք։ Կազմակերպվել են նաև ընթերցանության խթանմանը միտված միջոցառումներ, մասնավորապես՝ «Գրքասերներ» ակումբի ամփոփիչ հանդիպում, գրքի քննարկումներ, բարձրաձայն ընթերցանություն՝ «Կրթական կամուրջ» ուսումնական կենտրոնի սաների մասնակցությամբ: Ամռանը ուշադրության կենտրոնում էին նաև «Ընտանեկան գրադարանավար» ծրագրի շահառուները։ Ակսել Բակունցի 125-ամյակի շրջանակում աշխատակիցներն այցելել են «Առաքելություն Հայաստանի» ՀԿ և ներկայացրել հետաքրքիր մանրամասներ Բակունցի կյանքից և ստեղծագործությունից։

Ամռան ընթացքում գրադարանի աշխատակիցներն անցել են մի շարք տեղական և միջազգային վերապատրաստումներ։ Նպատակը երիտասարդ աշխատակիցների մասնագիտական տեղեկացվածության բարձրացումն է, նրանց համար մասնագիտական-կրթական տիրույթի ընդլայնումը:

Հաշվետու ժամանակահատվածում մարզային գրադարանը համայնքային գրադարաններին նվիրաբերել է 217 կտոր գրականություն: