Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր գերծանր քաշային Վարազդատ Լալայանը Փարիզում անցկացվող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում երկամարտի 467 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալը:

Այս քաշային կարգում բրոնզե մեդալին արժանացել է Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը (461 կգ): Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել է վրացի Լաշա Տալախաձեն (470 կգ):

Գերծանր քաշայինների մրցելույթում հիմնական պայքարը, ինչպես միշտ, ծավալվել էր հայ ծանրորդներ Վարազդատ Լալայանի, Գոռ Մինասյանի (Բահրեյն) և վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեի միջև:

Լալայանը պոկում վարժությունում 2 հաջող մոտեցում է կատարել և կարողացել գլխավերևում պահել 215 կգ ծանրաձողը: Նույնքան հաջող մոտեցումներով առաջին տեղը զբաղեցրել է գլխավերևում 216 կգ ծանրաձողը պահած Գոռ Մինասյանը, իսկ Տալախաձեն 215 կգ արդյունքով 2-րդն էր:

Հրում վարժությունում Լալայանը 2 հաջող մոտեցում է կատարել և գլխավերևում ֆիքսել 252 կգ ծանրաձողը: Գոռ Մինասյանը ընդամենը 1 հաջող մոտեցում է կատարել և ֆիքսել 245 կգ-ը: Լաշա Տալախաձեն հրել է 255 կգ կշռող ծանրաձողը:

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, 102 կգ քաշային ծանրորդ Գարիկ Կարապետյանն Օլիմպիական խաղերում երկամարտի 398 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը: 102 կգ քաշայինների պայքարում Կարապետյանը պոկում վարժությունն ավարտել է 186 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 212 կգ կշռող ծանրաձողը:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի մյուս անդամ, 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանն էլ Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 7-րդ տեղը՝ երկամարտում ցույց տալով 370 կգ արդյունք (170+200 կգ):

Այսպիսով՝ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի թիմը 4 մեդալ է նվաճել: Ավելի վաղ արծաթե մեդալներ էին նվաճել նաև մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, բրոնզե մեդալակիր էր դարձել ըմբիշ Մալխաս Ամոյանը: