ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
ԲԿԳԿ նախագահը ներկայացրել է նախագծի հիմնական կետերը՝ նշելով, որ սահմանվելու են որակի վերահսկողության՝ լիցենզավորման և հավատարմագրման նոր չափանիշներ: Նրա խոսքով՝ բուհի կառավարման ուղղահայաց մոդելը փոխարինվելու է հորիզոնականով, որտեղ գործնականում լինելու են անկախ մի քանի կառավարման և կարգավորման օղակներ: Օրենքի առանձին հոդվածով սահմանվելու են ակադեմիական քաղաքին վերաբերող կարգավորումների շրջանակը և այլն:
Անդրադառնալով գիտական կազմակերպություններին և Գիտությունների ազգային ակադեմիային՝ նշվել է, որ առաջարկվող նոր կարգավորումներով ԳԱԱ-ն հանդիսանալու է ինքնավարության սկզբունքով կառավարվող հիմնադրամ:
Խորհրդակցությանը քննարկում է ծավալվել լիցենզավորման նոր պայմանների, բուհերի կրթական ծրագրերի հավատարմագրման, բուհերի ֆինանսավորման մեխանիզմների շուրջ, ներկայացվել են տարբեր առաջարկություններ:
Կրթության զարգացման պետական ծրագրով պետական բուհերի ֆինանսավորման թեմայի շրջանակում Վարչապետը նշել է՝ կարևորագույն սկզբունքներից մեկն այն է, որ որոշակի առաջադիմություն ունեցող ուսանողները պետք է չդուրս մնան բուհից ֆինանսական խնդրի պատճառով: «Մեր քաղաքական սկզբունքը հետևյալն է՝ կրթության մեջ սոցիալական խտրականությունը պետք է բացառվի»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և հանձնարարել ներկայացված առաջարկությունները ներառել նախագծում, որից հետո այն ներկայացնել հանրային քննարկման: