ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ուսուցիչ-առաջնորդների հերթական՝ ութերորդ սերնդի ավարտական «Նավասարդ» միջոցառմանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Առաջնորդության ուղիների» ավագ պատասխանատու Արմինե Գևորգյանը։
Միջոցառմանն ամփոփվել է ուսուցիչ-առաջնորդների երկու տարվա մանկավարժական գործունեությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տասնյակ գյուղական դպրոցներում։
Միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ծրագրի արդյունքներին ու ձեռքբերումներին, ինչպես նաև ուսուցիչների փորձառությանը:
Նշենք, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը համագործակցում է մոտ 130 դպրոցի հետ՝ 10 մարզում։ Ուսուցիչներն աշխատում են շուրջ 30 հազար երեխայի հետ։ Սեպտեմբերից ևս 85 ուսուցիչ-առաջնորդ կսկսի իր ճանապարհը ՀՀ համայնքներում ու դպրոցներում։