«Ֆեստիվառ» զբոսաշրջային երաժշտական փառատոնի այս տարվա վերջին կանգառը Եղեգնաձորն էր։
Վայոց ձորի արտադրողները «Ֆեստիվառի» տաղավարներում ներկայացրել են իրենց ապրանքներն ու ծառայությունները, ինչպես նաև անցկացրել են խեցեգործության և ծղոտագործության վարպետաց դասեր։
Տեղական արտադրանքի տոնավաճառին ծանոթացել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: Նրանք Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում նաև մասնակցել են Վայոց ձորի արվեստագետների և հատուկ հյուրերի ընդունելությանը:
Փառատոնի շրջանակում գործել է նաև անվճար երթուղի դեպի հուշարձաններ՝ Մագելանի քարանձավ և Նորավանք։
Փառատոնի երեկոն կայացել է Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում՝ Լադանիվա խմբի համերգով։
Նշենք, որ «Ֆեստիվառ» զբոսաշրջային երաժշտական փառատոնն անցկացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ։