Նոր ուսումնական տարվան ընդառաջ այսօր տեղի է ունեցել Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Արմավիրի մարզում անցկացված խորհրդակցությանը մասնակցել են մարզպետ Դավիթ Խուդաթյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, ՀՄԿ-ի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչներ։
Նախքան խորհրդակցության մեկնարկն Արաքսիա Սվաջյանն Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի և Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի հետ շրջել է Արմավիրի մարզկենտրոնում կազմակերպված կրթական էքսպոյում, որն անցկացվում է առաջին անգամ՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենների, նրանց տեղակալների, ուսուցիչների և խմբավարների մասնակցությամբ։
Էքսպոյի շրջանակում նրանք ծանոթացել են մարզի կրթօջախների կողմից ներկայացված նախագծային աշխատանքներին, զրուցել մանկավարժների և աշակերտների հետ, հետաքրքրվել առաջիկա անելիքներով ու նախաձեռնություններով:
Այնուհետև Արաքսիա Սվաջյանը շնորհակալագրեր է հանձնել չափորոշչի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում լավագույնը ճանաչված տնօրեններին և ուսուցիչներին։
ԿԳՄՍ նախարարի տեղակալն իր խոսքում անդրադարձել է Արմավիրի մարզի կրթական տարվա արդյունքներին։ Նա կարևորել է ուսուցիչների արձանագրած հաջողությունները, անդրադարձել ուսուցիչների կամավոր ատեստավորմանը, նոր չափորոշիչով աշխատանքների կազմակերպմանն ու դասագրքերի խնդրին։ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ Ուսուցչի օրվան ընդառաջ կազմակերպվելու է «Տարվա լավագույնները» մրցույթը. ընտրությունը կատարվելու է բոլոր ամիսներին լավագույնը ճանաչված մասնակիցների շրջանում:
Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ևս ողջունել է ներկաներին և շնորհավորել նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, մաղթել խաղաղ և արդյունավետ աշխատանք:
Խորհրդակցության ընթացքում ներկաները ոլորտի պատասխանատուներին ուղղել են իրենց հուզող հարցերը, բարձրաձայնել առկա խնդիրները: