Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի բակում կայացել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Վերադարձ» բեմադրության առաջնախաղը՝ ըստ Փարաջանովի «Խոստովանություն» և «Արա Գեղեցիկ» կինոսցենարների։ Բեմադրությունն իրականացվել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Թանգարանի բակը մեկ ժամով վերածվել էր փարաջանովյան գեղագիտության կենդանի պատկերի։ Խորհրդավոր կերպարները ներկայացնում էին Փարաջանովի մանկության տպավորությունները, որոնք և՛ կատակերգական էին, և՛ ողբերգական։ Արա Գեղեցիկի հատվածը լի էր դրամատիկ, խորհրդապաշտական տեսարաններով՝ բեմադրության ավարտին ձևավորված փարաջանովյան կենդանի կոլաժով։ Դերակատարները բարձր պրոֆեսիոնալիզմով ներկայացրել են իրենց կերպարները. առանձնահատուկ ուշադրության էր արժանի Փարաջանովի կերպարը (դերակատար` ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Կոստանյան)։
Բեմադրությունը հանդիսատեսին կրկին կներկայացվի սեպտեմբեր ամսին՝ նույն վայրում (բեմադրող ռեժիսոր` Ժիրայր Դադասյան, երաժշտությունը` Վաչե Շարաֆյանի):