Ամռան ամիսներին մարզերի մշակութային կյանքի ակտիվացման և երեխաների շրջանում ընթերցանության խրախուսման նպատակով ՀՀ մարզային գրադարաններում իրականացվում է «Ամառը գրադարաններում» ծրագիրը:
Ծրագրի շրջանակում Օհան Չուբարյանի անվան Արարատի մարզային գրադարանում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Ամառը գրադարանում» կրթական եռամսյա ծրագիրը, որում ընդգրկված էին 7-9 տարեկան շուրջ 30 մանկահասակ ընթերցողներ։
Ծրագրի նպատակն էր երեխաներին կապել ընթերցանությանը՝ այն դարձնելով հաճելի զբաղմունք, իսկ գրադարանը՝ մտավոր ժամանցի վայր: Ծրագրի շրջանակում անցկացվել են «Եղի՛ր օրինապահ», «Երգը՝ մեր առօրյան», «Ուլունքագործությունը՝ մանրուքների ստեղծագործական խաղ» խորագրով դաս-պարապմունքները։
Առաջին անգամ գրադարանում ստեղծված «Ամառը գադարանում» թեմատիկ գրքային ֆոտոանկյունն էլ ավելի է գրավել ընթերցողներին ոչ միայն ընթերցանության, այլև գրադարանը որպես հետաքրքիր ժամանցի վայր դիտարկելու համատեքստում: Գրադարանում առաջին անգամ գործարկվել է «Հանդիպում գրքի հետ» հարցաթերթիկը, որն առավել նպաստել է գրադարանավար-ընթերցող երկխոսության ամրապնդմանը, ինչպես նաև օգնել ճիշտ կողմնորոշվել գրքի ընտրության հարցում։
Ամռան ընթացքում կազմակերպված բազմաթիվ կրթական, մշակութային միջոցառումների արդյունքում Արարատի մարզային գրադարանում արձանագրվել է ընթերցողների և հաճախումների զգալի աճ՝ նոր ընթերցողների քանակը կազմել է 850, իսկ հաճախումների թիվը՝ 7048: