ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն այցելել են Սյունիքի մարզ՝ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու խնդիրները տեղում քննարկելու նպատակով։

Վաղատին գյուղի Որոտնավանք վանական համալիրում (պետ. ցուցիչ՝ 8.89.5, հանրապետական նշանակության) Սյունյաց թեմի առաջնորդի և Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովվի հետ քննարկվել են համալիրի վնասված ծածկասալերի, տարածքի բարեկարգման և այլ հարցեր։
Որոտան գյուղում գտնվող դեռևս 5-րդ դարում հիշատակվող Որոտնաբերդում (պետ. ցուցիչ՝ 8.78.1, հանրապետական նշանակության) անդրադարձ է կատարվել հնարավոր պեղումներին, դեպի բերդ մոտեցման ճանապարհի և այլ խնդիրներին։ Քննարկվել է նաև վերջինիս հարակից տարածքում գտնվող Մելիք Թանգու կամրջի (պետ. ցուցիչ՝ 8.78.3, հանրապետական նշանակության) վնասված հատվածների վերականգնման անհրաժեշտությունը:

Աղիտու գյուղի կոթողի (պետ. ցուցիչ՝ 8.11.3.1.6, հանրապետական նշանակության) տարածքում անդրադարձ է կատարվել հուշարձանի բարենպաստ տեսողական ընկալումը խաթարող գազի խողովակների և կառույցների հնարավոր հեռացման խնդիրներին և տարածքի բարեկարգմանը: