ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի (CREFECO) հետ համատեղ Դիլիջանի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի (Թումո) մասնաճյուղում կազմակերպել է «Նորարար միասին» ֆրանկոֆոն միջազգային ամառային ճամբարը:

Ճամբարին մասնակցում են 15-17 տարեկան 16 դպրոցականներ Հայաստանից, Բուլղարիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Ռումինիայից, Ալբանիայից, CREFECO-ի նոր անդամ երկրներ հանդիսացող Վրաստանից, ինչպես նաև Կոսովոյից և Մոլդովայից:

Ճամբարի շրջանակում CREFECO-ի կողմից Դանիայից հրավիրված ՏՏ ոլորտի մասնագետը կանցկացնի 6-օրյա դասընթացներ: Ճամբարի ծրագրում ընդգրկված են բազմաբնույթ ուսուցողական, ինտելեկտուալ, սպորտային միջոցառումներ։

Ճամբարը բացառիկ և յուրահատուկ հնարավորություն է պատանիների համար թե՛ ֆրանսերենի խթանման, թե՛ նոր կրթական հնարավորությունների փորձարկման, և թե՛ աշխարհի տարբեր երկրներից նոր ընկերների ձեռքբերման համար:

7-օրյա ճամբարը կշարունակվի մինչև օգոստոսի 26-ը:

Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է ԿԳՄՍ նախարարությանը հատկացված ՀՀ 2024 թ. պետական բյուջեից (1944.0 հազար դրամ) և CREFECO-ի կողմից:

Նշենք, որ 2017 թվականի նոյեմբերի 17-ին Փարիզում ստորագրվել է Գործընկերության հուշագիր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ ի դեմս Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային կենտրոնի (CREFECO), և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆրանսախոս տարածաշրջանային երկրների կրթության նախարարությունների միջև՝ կրթական համագործակցության վերաբերյալ ֆրանկոֆոնիայի ռազմավարության շրջանակում (2015-2022թթ.):

Հուշագրի շրջանակում CREFECO-ի կողմից գրեթե յուրաքանչյուր տարի կազմակերպվել են ֆրանսերենի միջազգային օլիմպիադաներ. անցկացման երկիրն ընտրվել է ռոտացիոն սկզբունքով (վերջին օլիմպիադան տեղի է ունեցել 2021թ. առցանց ձևաչափով, որը պայմանավորված էր կորոնավիրուսի (COVID-19) համաճարակով: Ռոտացիոն սկզբունքով անդամ երկրներում անցկացվել են նաև միջազգային ֆրանկոֆոն ամառային ճամբարներ: Հայաստանում այն նախատեսվում էր անցկացնել 2021 թվականին, սակայն կապված համաճարակի հետ՝ տեղի է ունեցել ազգային մակարդակով: 2024 թ. Հայաստանում ճամբարն անցկացվում է միջազգային մակարդակով՝ CREFECO-ի անդամ երկրների դպրոցականների մասնակցությամբ: