Նոր ուսումնական տարվան ընդառաջ Լոռու մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ անցկացվել է օգոստոսյան խորհրդակցություն, որը վարել էՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Խորհրդակցությանը մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿՏԱԿ-ի, ԿԶՆԱԿ-ի, ՀՄԿ-ի, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչներ։
Խորհրդակցություններին համընթաց առաջին անգամ կազմակերպվել է նաև կրթական էքսպո՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում լավագույնս հանդես եկած և չափորոշչի ներդրման լավագույն փորձի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում ամսվա լավագույնը ճանաչված տնօրենների, նրանց տեղակալների, ուսուցիչների և խմբավարների մասնակցությամբ, որոնք գործընկերների հետ կիսվել են իրենց առաջավոր փորձով: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը էքսպոյի շրջանակում ծանոթացել է Լոռու մարզի աշակերտների նախագծային աշխատանքներին, զրուցել նրանց հետ:
«Վստահ եմ՝ այն, ինչ այսօր ցուցադրվում է, թերևս, մի քանի տասնորդական տոկոսն է այն ամբողջ աշխատանքի, որը դուք իրականացրել եք: Նախորդ ուսումնական տարին բավական բարդ էր, քանի որ միասին սկսեցինք չափորոշչի ներդրումն այն պայմաններում, երբ սեպտեմբերին դեռ դասագրքերը չէին հասել դպրոցներ: Նաև ձեր աջակցության ու ստեղծագործականության շնորհիվ կարողացանք հաղթահարել այդ բարդությունները: Ամբողջ ուսումնական տարում ձեր աշխատանքներն այնպես կազմակերպեցիք, որ այսօր մենք ունենանք այս արդյունքները»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալը, կարևորելով առաջին տարվա ընթացքում գրանցված արդյունքները, ընդգծել է՝ աշխատանքները շարունակական են. «Շարունակելու ենք չափորոշչի ներդրումը 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում: Այսպիսով, 7 դասարանում արդեն ունենալու ենք չափորոշիչը, ինչը դպրոցական համակարգում մեծամասնություն է կազմում: Վստահ եմ՝ այս տարի գործընթացն ավելի սահուն կկազմակերպվի, քանի որ ավելի մեծ փորձառություն ունենք, իսկ դասագրքերի հետ կապված խնդիրներ այս տարի չենք ունենա: Նոր դասագրքերի մեծ մասն արդեն տպագրվել և առաքվել է դպրոցներ, մյուս մասն առաքման գործընթացում է. սեպտեմբերին բոլոր դասագրքերը բաժանված կլինեն դպրոցներին»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը հիշեցրել է՝ չափորոշչի ներդրումը նաև ուսուցիչների դրույքաչափի փոփոխության է հանգեցնելու: Տարրական դասարաններում ուսուցիչների դրույքաչափը 18, իսկ միջին դասարաններում՝ 20 ժամ է լինելու: Արաքսիա Սվաջյանը նաև նշել է՝ չափորոշչի ներդրման աշխատանքները խրախուսելու, ուսուցիչների արձանագրած հաջողությունները գնահատելու և դրանք գործընկերների հետ կիսվելու հնարավորության համար նախորդ տարի փոխվել է լավագույնների մրցույթի անցկացման ձևաչափը՝ ունենալով ամսվա լավագույններ:
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ակտիվ մասնակցության համար և տեղեկացրել, որ հոկտեմբերին՝ Ուսուցչի օրվան ընդառաջ, կազմակերպվելու է Տարվա լավագույնների մրցույթը, որտեղ ընտրությունը կատարվելու է բոլոր ամիսներին լավագույնը ճանաչված մասնակիցների շրջանում:
«Այն անվանակարգերում, որոնցում ամսվա լավագույններ չենք ունեցել, իսկ դա վերաբերում է հիմնականում նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցներին և մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետներին, կանցկացնենք առանձին մրցույթ», - նշել է Արաքսիա Սվաջյանն ու ընդգծել՝ շնորհակալությունն ու գնահատանքը, իհարկե, շատ կարևոր նշանակություն ունեն, բայց այս գործընթացն ավելի լայն իմաստով նպատակ ունի փորձով կիսվելու հնարավորություն ընձեռել ուսուցիչներին:
Արաքսիա Սվաջյանն իր ելույթում ամփոփել է նաև Լոռու մարզի կրթական տարվա արդյունքները և ներկայացրել միասնական քննությունների և բուհերի ընդունելության վիճակագրությունը:
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ևս ողջունել է ներկաներին և նշել՝ 2024 թվականին կազմակերպված դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում մարզն ունեցել է մրցանակային 71 տեղ: Արամ Ղազարյանը շնորհավորել է տարվա ընթացքում տարբեր մրցույթներում լավագույնը ճանաչված մանկավարժներին, տնօրեններին, հանրապետական և միջազգային առարկայական օլիմպիադաներից հաղթանակներով վերադարձած աշակերտներին և նրանց ուսուցիչներին: Մարզպետը կարևորել է հանրակրթության ընդհանուր մակարդակի բարձրացման հարցը և ընդգծել ուսուցիչների կամավոր ատեստավորման տեմպերի ավելացման անհրաժեշտությունը:
Կրթական ցուցահանդեսի ընթացքում Արաքսիա Սվաջյանը նաև շնորհակալագրեր է հանձնել չափորոշչի խրախուսմանն ուղղված նախաձեռնության շրջանակում լավագույնը ճանաչված աշխատակիցներին։