ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Հասմիկ Հակոբյանը:

Ժաննա Անդրեասյանը «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին ներկայացրել է նախարարության համակարգման ոլորտներում իրականացվող նախաձեռնություններն ու դրանց ընթացքը, ինչպես նաև պատասխանել դպրոցականների հարցերին:

«Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցները հետաքրքրվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացքի, ինչպես նաև նոր չափորոշչով տպագրվող դպրոցական դասագրքերի մասին:

Անդրադարձ է կատարվել նաև «Գրականություն» և «Պատմություն» առարկաների ինտեգրված փորձնական (պիլոտային) քննությանը, որն այս տարի առաջին անգամ անցկացվել է Տավուշի մարզի 9-րդ դասարանցիների համար՝ հանրակրթության նոր չափորոշչի տրամաբանությամբ: Քննության նոր ձևաչափը միջառարկայական կապեր ստեղծելու և համապատասխան արդյունքները դիտարկելու նպատակ ունի:

Ազգային ժողովում արդեն երրորդ տարին անցկացվող «Ամառային դպրոց» ծրագրին Երևանի և ՀՀ մարզերի ավագ դպրոցների 51 աշակերտ է մասնակցում: