ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Սևան երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպությունն իրականացրել է «Ափդեյթ» ծրագիրը, որն ուղղված էր Սևանա լճի ավազանի առափնյա համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, կենսունակության և փոխանցման ապահովմանը:

Ծրագրի սկզբնական փուլում՝ 2021 թվականին, հասարակական կազմակերպության երիտասարդները երգեր են գրանցել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ, Երանոս, Ծովասար, Մարտունի, Վերին Գետաշեն, Գեղհովիտ, Վարդենիս, Ակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Ծովագյուղ, Վարսեր և Լճաշեն համայնքերի տարեցներից: Նրանց մեծ մասը բասենցիների ու մշեցիների սերունդներ են, որոնք մեր օրեր են հասցրել իրենց մեծերից լսած ազգային երաժշտությունը:

Ծրագրի հաջորդական փուլերի ընթացքում այդ երգերը նոտայագրվել են, մշակվել և մասնագետ երաժիշտների խորհրդատվությամբ գործիքավորվել ու ձայնագրվել: Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության այս շարունակական շղթան ամփոփվել է Գեղարքունիքի մարզում իրականացված համերգային շրջագայությամբ, որի ընթացքում տեղացի երաժիշտների մասնակցությամբ ու «ԳԱՄՄԱ» բենդի ձայնագրությամբ հնչել և հանրայնացվել են տեղական ժողովրդական երգերը:

Համերգները տեղի են ունեցել Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սևան համայնքներում՝ աշխուժացնելով համայնքների մշակութային կյանքը և հին երգերի նոր մեկնաբանությունների միջոցով ապահովելով մոռացության ենթակա ոչ նյութական մշակութային ժառանգության կենսունակությունն ու շարունակականությունը:

Նշենք, որ ծրագրի արդյունքում գրանցված երգերից մեկ նմուշ՝ «Անա նանան քյե ղուրբան» երգը, երիտասարդների կողմից ներկայացվել է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցելու նպատակով:

«Ափդեյթ 4. Երգվող երգեր» ծրագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=BtSCtWbQCMY: