ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը:

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակում իրականացվելու են Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։

Հանդիպում-դասախոսությունները կունենան հատուկ ընտրված խորագրային թեմաներ, որոնց օգնությամբ կբացահայտվեն արվեստի պատմությանը, նպատակներին, խնդիրներին առնչվող ուշագրավ փաստեր ու տեղեկություններ։ Թեմաների ընտրությունը կկատարվի` հաշվի առնելով աշակերտների տարիքային խմբերի հետաքրքրություններն ու առանձնահատկությունները։ Հանդիպումները կզուգորդվեն պրեզենտացիաներով, երաժշտական կատարումներով, ստեղծագործությունների հատվածային դիտումներով, գրական ընթերցումներով։ Հանդիպումների վերջին մասը կտրամադրվի հարցուպատասխանին, ինչը էլ կնպաստի աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը։

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի նպատակն է լրացնել հանրակրթության ոլորտում «մշակութային կրթություն» բաղադրիչի բացը, մեծացնել հետաքրքրությունը ընթերցանության, երաժշտարվեստի, թատերարվեստի, պարարվեստի, մշակութային կրթության, կինոարվեստի և կերպարվեստի նկատմամբ, խթանել կրթական հաստատություններում քննադատական, վերլուծական և ստեղծագործ մտքի զարգացումն արվեստի բնագավառում, բարձրացնել դպրոցականների գեղագիտական ճաշակը, քաղաքացիական գիտակցությունը, ընդլայնել արվեստի ոլորտներում աշակերտների ճանաչողության սահմանները։

Արվեստագետների ընտրությունը կկատարվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից՝ հարցազրույցի միջոցով:

Հանդիպումներն անցկացվելու են հանրակրթական դպրոցների դահլիճներում:

«Քո արվեստը դպրոցում» ծրագրին մասնակից արվեստագետների ընտրության հիմնական սկզբունքներն են՝

  • արվեստագետի կայուն գործունեությունն ու նվաճումները,
  • արվեստագետի ներդրումը ազգային և միջազգային արվեստի կամ մշակույթի ոլորտի զարգացման, տարածման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում մշակույթի հանրահռչակման գործում,
  • արվեստագետի ներդրումը բարձրարժեք երկերի ստեղծման, արվեստի զարգացման, մշակույթի ոլորտում ակտիվ գործունեության ծավալման գործում,
  • արվեստագետի ավանդը երիտասարդ սերնդի ձևավորման գործում,
  • արվեստագետի պետական պարգևներն ու պատվավոր կոչումները:

Ծրագրում կարող են ընդգրկվել ՀՀ ռեզիդենտ արվեստագետները:

Մրցույթի արդյունքում ընտրվելու է 22 արվեստագետ:

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրն իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Հայտերն ընդունումը երկարաձգվել է մինչև 2024 թ. սեպտեմբերի 2-ը ներառյալ:

Հայտաձևը (կցված է) անհրաժեշտ է ուղարկել qoarvestydprocum@gmail.com էլեկտրոնային հասցեին: Հարցերի դեպքում զանգահարել՝ +374 95112292 Հռիփսիմե Ալեքյանին (ծրագրի գլխավոր համակարգող):