ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Երիտասարդության ծրագիր» բյուջետային ծրագրի շրջանակում ընդունում է հայտեր 2024 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության համար:
Դասընթացն իրականացվում է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել երիտասարդների հետ պրակտիկ աշխատանք կատարող անձանց մասնագիտական և անձնային որակները՝ ազգային և ՏԻՄ մակարդակում որակյալ և գիտելիքահենք երիտասարդական աշխատանք իրականացնելու համար։
Որպես դասընթացավարներ հանդես են գալիս ՀՀ-ում երիտասարդության դաշտում բազմաթիվ տարիների աշխատանքային փորձառություն ունեցող, ինչպես նաև իրենց մասնագիտական կրթության ոլորտում կայացած մասնագետները։
«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը նախատեսված է երիտասարդական աշխատանքով զբաղվող անձանց և համայնքային աշխատողների համար, որոնց աշխատանքն ուղղված է երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը: Մասնավորապես՝ դասընթացին մասնակցության համար կարող են հայտ ներկայացնել՝
- գործող երիտասարդական կենտրոնների աշխատողները,
- մարզպետարանների և համայնքապետարանների՝ երիտասարդական պետական քաղաքականության հետ կապված գործառույթներ իրականացնող աշխատողները,
- երիտասարդության բնագավառում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կառույցների աշխատակիցները կամ կամավորները,
- սոցիալական աշխատողները, մշակույթի տան կամ գրադարանի աշխատողները, որոնց աշխատանքն ի պաշտոնե կամ փաստացի ուղղված է երիտասարդության ներուժը բացահայտելու և իրացնելու համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը։
Դասընթացն իրականացվելու է երեք փուլով՝
- առաջին փուլ՝ 2024 թվականի սեպտեմբերի 16-19,
- երկրորդ փուլ՝ 2024 թվականի հոկտեմբերի 15-18,
- երրորդ փուլ՝ 2024 թվականի նոյեմբերի 12-14:
* Դասընթացի փուլերի իրականացման ամսաթվերը նախնական են. հավանական փոփոխությունների մասին ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։
Մասնակիցների համար միաժամանակ կկազմակերպվի ուսումնաճանաչողական այց Ապարանի «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոն ու ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառի՝ ԵՆԿ ՀԿ-ի «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն։
Փուլերի միջև ընկած ժամանակահատվածում դասընթացի մասնակիցների հետ կիրականացվեն արտալսարանային տեսական ու գործնական աշխատանքներ։
«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության հայտ ներկայացնելու համար մասնակիցը պետք է բավարարի հետևյալ նվազագույն պահանջներին՝
- բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի որակավորման աստիճան),
- երիտասարդության ոլորտում առնվազն 1 (ցանկալի է 3) տարվա փորձառություն,
- կամավորական աշխատանքի փորձառություն (կդիտարկվի որպես առավելություն)։
Դասընթացի մասնակիցների վերջնական ընտրությունը կատարվելու է նախարարության կողմից, և դասընթացին մասնակցելու հնարավորություն կունենան ներկայացված պահանջներին առավելապես համապատասխանող թեկնածուները։
Դասընթացին մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ առցանց տարբերակով, որի համար անհրաժեշտ է այցելել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/eh9npG6dQBqGU5oh6։
Դասընթացի ավարտին տրվում է վկայական։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ավարտական վկայական կստանան այն մասնակիցները, որոնք կմասնակցեն եռափուլ դասընթացի 80%-ին և կկատարեն անհատական աշխատանքների 80%-ը:
Դասընթացն անցկացվում է՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի ««Երիտասարդական աշխատանք» վերապատրաստման լրացուցիչ կրթության մոդուլային ծրագիրը՝ որպես լրացուցիչ կրթության փորձնական մոդուլային ծրագիր հաստատելու մասին» N 2496-Ա/2 հրամանի, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 30-ի «Երիտասարդական աշխատանքի և երիտասարդական աշխատողի վերապատրաստման ուղեցույցը հաստատելու մասին» N 2502-Ա/2 հրամանի։
Դասընթացն իրականացվում է 2024 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի կազմակերպման նպատակով հայտարարված դրամաշնորհային մրցույթի ընթացակարգով հաղթող ճանաչված կազմակերպության՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։
Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 642 և 010 599 643 հեռախոսահամարներով կամ գրել՝ youth@escs.am էլեկտրոնային փոստին։