Լողի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում արդեն երրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը, որին կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում ավելի քան 130 լողորդ է մասնակցել:

Լողի սիրողական մրցաշարն անցկացվել է 2 տարիքային խմբերով`1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1984-2006 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1983 թ. ծնված) կանայք և տղամարդիկ: Կանայք մրցել են 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:

Պարգևները մրցանակակիրներին հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Կանանց առաջին տարիքային խմբում (18-40 տարեկան) 1000 մետր լողատարածքը երկրորդ տարին անընդմեջ առաջինն է հաղթահարել և 1 մլն դրամ մրցանակին արժանացել է Անահիտ Բարսեղյանը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Կիրա Ամաևան և արժանացել 500 հազար դրամ մրցանակի: Լավագույն եռյակը եզրափակել է Մերի Մարտոյանը. բրոնզե մեդալի համար սահմանված է 300 հազար դրամ մրցանակ: Բոլոր մրցանակակիրները Երևանից են: Այս տարիքային խմբի մրցանակակիրներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

41-ից բարձր տարիքային խմբի կանանց պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Սրբուհի Վարդանյանը, երկրորդ տեղում Յուլիանա Միխեևան է, իսկ երրորդ տեղում՝ Ռուզաննա Հովասափյանը: Նրանք բոլորը Երևանից են: Հաղթողներին պարգևատրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

41-ից բարձր տղամարդկանց պայքարում 1500 մետր լողատարածությունն առաջինը հաղթահարել է Անդրանիկ Խաչատրյանը Երևանից: Երկրորդ տեղը զբաղեցրել է Արմեն Հանեսօղլյանը Գյումրիից, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Ռայմոնդ Հակոբյանը: Նրանց պարգևատրել է Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

18-40 տարեկան տղամարդկանց պարգևատրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս տարիքային խմբում մրցանակային երրորդ տեղն է զբաղեցրել Շահեն Խոնդկարյանը Երևանից, երկրորդ արդյունքը ցույց է տվել Կարեն Երանոսյանը Գյումրիից, իսկ ոսկե մեդալին ու 1 մլն դրամ մրցանակին երրորդ տարին անընդմեջ արժանացել է Մկրտիչ Ոսկանյանը՝ քաղաք Աբովյանից:

Վարչապետը խրախուսական մրցանակներ է հանձնել նաև մրցաշարի ամենատարեց կին և տղամարդ մասնակիցներին՝ 81-ամյա Ելիզավետա Վարդանյանին և 83-ամյա Հակոբ Թութունջյանին: Դրամական պարգևներ են սահմանվել նաև 4-10-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար: 4-րդ տեղը զբաղեցրած մասնակիցները կստանան 100.000 դրամ մրցանակ, իսկ 5-10-րդ տեղերը՝ 50.000 դրամ:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին, մասնակիցներին ու մրցանակակիրներին մրցաշարի անցկացման առիթով, ընդգծել է, որ մրցաշարի անցկացումն ունի մի քանի նպատակ, որոնցից մեկը սպորտի հանրահռչակումն ու առողջ ապրելակերպի քարոզչությանը նպաստելն է: ՀՀ վարչապետի խոսքով՝ հաջորդ նպատակը Սևանում լողալը քաջալերելն ու Սևանի արևելյան ափի տնտեսական զարգացմանը նպաստելն է: Վարչապետը մրցաշարերի անցկացումը կարևորել է նաև սոցիալականացման տեսանկյունից, քանի որ դրանք նոր հարթակ են ստեղծում միմյանց հետ շփվելու, նոր ընկերներ ձեռք բերելու համար: Նիկոլ Փաշինյանը մաղթել է, որ մրցաշարն էլ ավելի մասնակիցներ ունենա և մրցակցությունն առավել մեծ լինի:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը պարգևներ է հանձնել մրցաշարի աջակիցներին և գործընկերներին: Պատվոգրերով և հուշանվերներով են պարգևատրվել Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը, ՆԳՆ փրկարարական ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչությունը, Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի ղեկավար Նաիրի Պողոսյանը, «Սևան» ազգային պարկը:

Մրցաշարի ավարտին հնչել է ՀՀ պետական օրհներգը՝ Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ: Գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան:

Լուսանկարները՝ ՀՀ կառավարության և Արմենպրեսի