ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, որտեղ ավարտին են մոտենում շենքի հիմնանորոգման աշխատանքները։
Հիմնանորոգումը սկսվել է 2022 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները հանդիպել են նաև կապալառուի և տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության մասնագետների հետ։ Արդեն ամբողջությամբ վերականգնվել են թանգարանի փայտե պատշգամբները, որոնցից մեկը տարիներ առաջ ամբողջովին քանդվել էր ավտովթարի հետևանքով։
Հեղինակային հսկողությունն իրականացնող ճարտարապետի հետ քննարկումների արդյունքում առաջարկվել են որոշակի տեղային լուծումներ, որոնք նախագծով նախատեսված չէին։ Առկա թերությունները վերացնելու նպատակով կապալառու կազմակերպության համար մինչև վերջնական հանձնում-ընդունումը սահմանվել է ժամկետ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականին։