«Ֆեստիվառ» զբոսաշրջային երաժշտական փառատոնի երկրորդ կանգառն այս անգամ Իջևան քաղաքն էր։

Օգոստոսի 10-ին` ժամը 19:30-ին, Իջևանի շատրվանների հրապարակում կայացել է հայ-վրացական բացառիկ համերգային երեկոն։
Ելույթ են ունեցել սիրված երգիչ Էրիկ Կարապետյանը, ինչպես նաև Վրաստանից ժամանած արտիստներ Դաթո Խուջաձեն և Նուցա Թոփուրիան:

Ֆեստիվառի շրջանակում գործել են անվճար երթուղիներ՝ դեպի տարբեր հուշարձաններ։ Հյուրերն այցելել են նաև Իջևանի գինու գործարան։
Գործել է նաև տեղական և վրացական արտադրանքի տոնավաճառ։ Տաղավարներով շրջել, արտադրանքին ծանոթացել, ինչպես նաև համերգին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Մինչ ֆեստիվառյան հրապարակ այցելելը, Արթուր Մարտիրոսյանը եղել է նաև պետական աջակցությամբ բացված Իջևանի երիտասարդական կենտրոնում։ Փոխնախարարը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, ընթացիկ ծրագրերին, պայմաններին։ Նա երիտասարդներին ներկայացրել է ոլորտի պետական քաղաքականությունը և կոչ արել ակտիվ լինել, դիմել դրամաշնորհային ծրագրերին և մասնակցել երիտասարդական նախագծերին։

Նշենք, որ «Ֆեստիվառ» զբոսաշրջային երաժշտական փառատոն անցկացվել է Հայաստանի և Վրաստանի հանրային հեռուստաընկերությունների գործակցությամբ` ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: