Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ազդարարում է ՊԱՆՆՈ արվեստի տան մշակութային ծրագրի մեկնարկը, որը տեղի կունենա օգոստոսի 9-ին՝ ժամը 19:00-ին:

ՊԱՆՆՈ արվեստի տունը Մայր թատրոնի նոր հարթակն է, որի նպատակն է աջակցել մշակութային ազատ և անկաշկանդ հաղորդակցմանը՝ ապահովելով կրթական ներուժ ունեցող գեղարվեստական ծրագիր, համախմբելով արվեստագետներին ու հանրությանը մի միջավայրում, որը խրախուսում է ստեղծարարությունը և համագործակցությունը։

ՊԱՆՆՈ արվեստի տունն արվեստագետների և ստեղծարար ոլորտի մասնագետ­ների համար մշակել է համագործակցային ծրագրեր՝ աջակցելու արվեստագետ-հանրություն անմիջական երկխոսությանը, տրամադրելու բաց հարթակ երիտասարդ, ազատ արվեստագետներին իրենց ստեղծագործությունները ներկայացնելու համար, նպաստելու նրանց առաջխաղացմանը, մասնագիտական կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը։

Ծրագրի շնորհանդեսի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ արվեստի տան շահառուների հետ, կենտրոնի տարածքի ու մշակութային ռազմավարության ներկայացում, արվեստագետների համար նախատեսված համագործակցային ծրագրերի ազդարարում։

Ծրագիրն իրականացնում է Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը Artbox-ի աջակցությամբ և Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «ԿԱՏԱՊՈՒԼՏ Ստեղծարար աքսելերացիոն» ծրագրի շրջանակում՝ ՀԲԸՄ (Հայաստան) և «Քրիեյթիվ Հայաստան» հիմնադրամների հետ համատեղ։