Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի մեդալակիր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը, ինչպես նաև վազորդ Երվանդ Մկրտչյանը հյուրընկալվել են Ֆրանսիայի մայրաքաղաքում գործող «Հայաստանի օլիմպիական տուն», հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների և երկրպագուների հետ:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն, տարբեր վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը, ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, մարզիչներ, երկրպագուներ:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը տեղեկացրել է՝ «Հայաստանի օլիմպիական տունը» իրականություն է դարձել «Fastex», «Յունիբանկ» և «Յուքոմ» ընկերությունների աջակցությամբ: Անդրադառնալով մեր մարզիկների մրցելույթներին՝ Կարեն Գիլոյանը մասնավորապես ասել է.

«Զարմանալի է, երբ արծաթի համար այսքան տխրում ես: Ամեն դեպքում, իրականությունը դա է: Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատմության մեջ երրորդ մարզիկն է, որին հաջողվել է Օլիմպիական խաղերում չորս մեդալ նվաճել: Արթուրը 13 տարուց ավելի հանդես է գալիս ամենաբարձր մակարդակում և ամեն տարի նվաճում մեդալներ: Մալխաս Ամոյանն աշխարհի չեմպիոն է 72 կգ քաշային կարգում, նոր է քաշը փոխել և անցել 77 կգ քաշային կարգ: Չնայած դրան՝ հիմա էլ պատրաստ էր դառնալու չեմպիոն: Հավատում եմ՝ Մալխասն իր խոսքը դեռ ասելու է: Երվանդ Մկրտչյանը Հայաստանի ռեկորդ է սահմանել, ինչը շատ լավ արդյունք է»,- ասել է Կարեն Գիլոյանն ու շնորհավորել մեր մարզիկներին հաջող ելույթների և նվաճած մեդալների առթիվ:

Մարզիկներին ողջունել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և շնորհակալություն հայտնել հպարտության բազմաթիվ պահերի համար. «Շնորհակալ ենք անկրկնելի պահերի համար, որ ձեր շնորհիվ ապրել ենք: Իսկապես հպարտ ենք ձեզնով, քանի որ Հայաստանին պարգևել եք Օլիմպիական խաղերի շատ սպասված մեդալներ: Երեկ ըմբշամարտի մարզադահլիճում Հայաստանն էր. բոլորը միահամուռ աջակցում էին ձեզ և վանկարկում մեր երկրի անունը: Դուք բազմիցս ապացուցել եք, որ կարող եք անել ավելին և վստահ եմ՝ ամեն ինչ դեռ առջևում է»:

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, որը կարիերայում երկրորդ անգամ է դարձել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, շնորհակալություն է հայտնել «Հայաստանի օլիմպիական տան» նախաձեռնության և նմանօրինակ հանդիպման հնարավորության համար:

«Մեր բոլոր հայրենակիցների աջակցությունը զգացել ենք մարզադահլիճում, բոլոր գոտեմարտերի ժամանակ: Շատ շնորհակալ ենք: Դուք իսկապես մեզ ուժ եք տալիս: Ֆրանսիայում ես 2017 թվականին դարձել եմ աշխարհի չեմպիոն և թե՛ այդ ժամանակ, թե՛ հիմա զգացել եմ մեր հայրենակիցների ջերմությունն ու աջակցությունը: Հիշում եմ՝ աշխարհի առաջնության ժամանակ տպավորություն էր, թե Երևանում եմ գոտեմարտում, քանի որ հայերը մեծ թիվ էին կազմում մարզադահլիճում: Նույն զգացողությունը նաև երեկ եմ ունեցել և շատ շնորհակալ եմ այդ աջակցության համար»,- ասել է Արթուր Ալեքսանյանը:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը, որն իր առաջին Օլիմպիական խաղերում դարձել է բրոնզե մեդալակիր, նշում է՝ հաջորդ խաղերում ամեն ինչ անելու է մեդալի գույնը փոխելու համար. «Անկասկած, բոլոր մարզիկների երազանքն է դառնալ Օլիմպիական չեմպիոն: Ես ևս Փարիզ էի եկել ոսկե մեդալի հետևից, բայց այս անգամ բավարարվեցի բրոնզով: Ուրախ եմ, որ կարողացա մեդալ նվաճել Հայաստանի համար: Օլիմպիական խաղերի մթնոլորտը հիանալի էր. կարծես՝ տոն լիներ, մեծ էներգիա էինք ստանում: Օլիմպիական ավանում տարբեր ապրումների էինք ականատես լինում՝ թե՛ հաղթողների, թե՛ պարտվողների: Սպորտային կյանքը կարճ է, և այս պահերը միշտ մնալու են մեր հիշողության մեջ»:

Մալխաս Ամոյանը ևս շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և աջակցության համար. «Ուրախ եմ, որ կարողանում եմ բարձր պահել թե՛ հայ, թե՛ եզդի ազգի պատիվը և ուրախություն պարգևել իմ ժողովրդին: Կփորձեմ հետագայում էլ ավելի լավ ներկայանալ»:

Հանդիպման ընթացքում երկրպագուները նաև տարբեր հարցեր են ուղղել մարզիկներին, շնորհակալություն հայտնել գործադրած ջանքերի համար: Այնուհետև Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամները լուսանկարվել և ինքնագրեր են բաժանվել երկրպագուներին:

«Հայաստանի օլիմպիական տունը» գործում է Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում՝ 118 Rue, Courcelles 75017, Paris հասցեում: Այցելուները կարող են վայելել օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումները, հանդիպել հայտնի մարզիկների հետ: