Թենիսիստ Էլինա Ավանեսյանը, որը կանանց ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում ներկայում զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը, ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և առաջիկա մրցաշարերում հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո:

Առաջիկայում 21-ամյա մարզուհին ՀՀ դրոշի ներքո հանդես կգա ԱՄՆ Ցինցինատիի մրցաշարում, որը կմեկնարկի օգոստոսի 11-ին, այնուհետև կմասնակցի ԱՄՆ բաց առաջնության հաջորդ մրցաշարին: Այն կմեկնարկի օգոստոսի 26-ին:

Ողջունելով Ավանեսյանի՝ ՀՀ դրոշի ներքո հանդես գալու որոշումը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ դա վկայում է նրա նվիրվածության և հայրենիքի հանդեպ սիրո մասին:

«Էլինայի ձգտումը՝ հասնել մեծ հաջողությունների որպես հայ մարզիկ, անկասկած, կոգեշնչի մեր երիտասարդներին և կբարձրացնի թենիսի հեղինակությունը Հայաստանում: Մենք անհամբերությամբ սպասում ենք նրա հաջողություններին և այն դրական ազդեցությանը, որ նա կունենա մեր մարզական համայնքի վրա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

«Շատ հպարտ եմ, որ այսուհետ ներկայացնելու եմ Հայաստանը միջազգային առաջնություններում: Սա բացառիկ հնարավորություն է և հարգանքի տուրք իմ արմատներին, հայրենիքին և ընտանիքին, ովքեր միշտ աջակցել են ինձ»,- մարզական քաղաքացիությունը փոխելուց հետո ասել է Ավանեսյանը:

Ավանեսյանն ընդգծել է՝ որպես հայ մարզիկ ձգտում է մեծ նվաճումների հասել և ապագայում Հայաստանի Հանրապետությանը զգալի հաջողություններ պարգևել:

«Ես ուզում եմ նաև ոգեշնչել սկսնակ մարզիկներին և խրախուսել երիտասարդներին զբաղվել սպորտով: Ես սկսեցի թենիս խաղալ մի փոքր քաղաքային խաղահրապարակում՝ իմ համայնքի աջակցությամբ, և իրականություն դարձավ պրոֆեսիոնալ թենիսիստ դառնալու անհավանական երազանքս։ Հույս ունեմ, որ խոստումնալից հայ մարզիկները նույնպես կարող են անցնել այս ուղին և ստանալ նույնպիսի աջակցություն»,- եզրափակել է Ավանեսյանը:

Հայաստանի թենիսի ֆեդերացիան նույնպես մեծ ոգևորությամբ է ընդունել Էլինայի՝ Հայաստանի դրոշի ներքո ելույթ ունենալու ցանկությունը և լիահույս է, ինչպես նշում է ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորկ Կարամանուկյանը, Էլինայի նպատակասլացությունն ու հաղթանակները կոգեշնչեն երիտասարդ հայ թենիսիստներին:

21-ամյա Էլինա Ավանեսյանը ծնվել է Պյատիգորսկում։ Մեծ սաղավարտի մեծահասակների մրցաշարերում նա իր նորամուտը նշել է 2022 թվականին։ 2023 թվականի մայիսին Ավանեսյանը հաղթել է կարիերայի ամենախոշոր մրցաշարում՝ ITF W100 սերիայի տիտղոս նվաճելով Գերմանիայում:

Նշենք, որ Իսպանիայի ՀՀ դեսպանությունում այսօր տեղի է ունեցել թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին ՀՀ քաղաքացու անձնագրի հանձնման արարողությունը։