Օգոստոսի 17-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը:

«ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի մասնակիցներն օգոստոսի 17-ին մրցավայր կարող են մեկնել գնացքով: Մասնակիցների անվճար տեղափոխությունն ապահովելու է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը:

Մրցաշարի մասնակիցներն, ինչպես նաև նրանց ուղեկցող անձինք ու հարազատները, մրցավայր կուղևորվեն Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանից ժամը 08:10 րոպեին: Այն մասնակիցները, որոնք ցանկանում են մրցավայր մեկնել անձնական փոխադրամիջոցներով, Շողակաթ համայնքին հարակից լողափնյա տարածքում պետք է լինեն ժամը 11:30-ին՝ մասնակցելու մանդատային գործընթացին: Լողի սիրողական մրցաշարի մեկնարկը կտրվի ժամը 13:00-ին:

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի կայարանից մասնակիցներին տեղափոխող գնացքը Երևան կուղևորվի ժամը 17:30-ին: Մասնակիցները պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթերով:

Հիշեցնենք՝ մրցաշարը կանցկացվի 2 տարիքային խմբերով`

1-ին տարիքային խումբ՝ 18-ից 40 տարեկան (1984-2006 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,

2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1983 թ. ծնված) կանայք և տղամարդիկ:

Կանայք կմրցեն հազար (1000) մետր, իսկ տղամարդիկ՝ հազար հինգ հարյուր (1500) մետր լողատարածություններում:

Դրամական մրցանակներ երկու տարիքային խմբերի՝ 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցների համար՝

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,

2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,

3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,

4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,

5-10-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ,

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 56-44-60, մասնագիտական հարցերի դեպքում՝ (077) 84-40-41, (091) 84-40-41, (055) 84-40-41, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 09:00-18:00։