Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը դուրս են եկել Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ և այսօր երեկոյան կպայքարեն եզրափակչի ուղեգրերի համար:

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանն ՕԽ քառորդ եզրափակչում 3:0 հաշվով առավելության է հասել Ասիական խաղերի փոխչեմպիոն, Ասիայի չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիանինեջադի նկատմամբ: Նշենք՝ մեկնարկում հայ ըմբիշն 8:0 հաշվով առավելության էր հասել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինենի նկատմամբ:

Մալխաս Ամոյանն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին:

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի՝ քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ քառորդ եզրափակչում ուժերն է չափել Ուզբեկստանի ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն, 40-ամյա Ռուստամ Ասակալովի հետ և վերջին վայրկյաններին կամային բարձր որակների շնորհիվ տպավորիչ հաղթանակ տարել 9:5 հաշվով:

Հիշեցնենք՝ մեկնարկում Ալեքսանյանը ժամանակից շուտ 9:0 հաշվով առավելության էր հասել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմի նկատմամբ:

Այսօր ավելի ուշ հայ ըմբիշները կանցկացնեն կիսաեզրափակիչ գոտեմարտերը: Եզրափակիչները կկայանան վաղը՝ օգոստոսի 7-ին: