Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին ընդառաջ Վարպետի տուն-թանգարանն իրականացնում է նրա գրական ժառանգության հանրահռչակմանը, հասանելիությանն ու տարածմանը միտված մի շարք նախագծեր:

Վարպետի այգում (հասցե՝ Զարոբյան 20) օգոստոսի 6-ին, 17-ին, 23-ին, 30-ին՝ Ժամը 19։00-ին, կիրականացվեն թատերականացված ընթերցումներ՝ «Միայն սիրո լարը մնաց...» խորագրով:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանը ներկայացնում է Իսահակյանի ստեղծագործությունների արդիականության, հասարակական գործունեության, տուն-թանգարանի նոր ցուցադրության հայեցակարգի շեշտադրումները։

«Ավետիք Իսահակյանի սրտում մշտապես ապրել է սիրո գեղեցիկ զգացմունքը։ Այն հատկապես վառ արտահայտված է իր քնարերգության հերոսուհի Շուշանիկ Մատակյանի նկատմամբ։

Շուշանիկի հանդեպ Իսահակյանի սերն այն յուրօրինակներից էր, ինչպիսին Սայաթ-Նովայի սերն էր Աննայի հանդեպ, Պետրարկայի սերը՝ Լաուրայի հանդեպ։ Երկու սիրող սրտերի հանդիպումները, նամակագրությունը, բաժանումը մի ամբողջ սիրո դրամա է, որն ուղեկցել է բանաստեղծին ամբողջ կյանքի ընթացքում։

Հանրության համար Իսահակյանի հույզերը բացահայտելու, նրան այս կողմով ներկայացնելու, ճանաչելի դարձնելու նպատակով նախաձեռնել ենք թատերականացված ընթերցումներ «Միայն սիրո լարը մնաց...» խորագրով։ Ներկայացման սցենարի հեղինակներն են թանգարանի աշխատակիցներ Ռուզաննա Մեսրոպյանը և Աննա Սարոյանը: Մասնակցում են դերասաններ Սիփան Զադոյանը, Արև Հակոբյանը, Արուսիկ Գրիգորյանը: Երգերը կատարում է Մարիցա Թիլիքյանը: Այս մեծ ու գեղեցիկ սիրո պատմության բեմադրությունը կներկայացվի Վարպետի տուն թանգարանի այգում (հասցե՝ Զարոբյան 20)։ Մասնակցությունը երեկոյին ներառում է նաև շրջայց թանգարանում և գինու հյուրասիրություն: Ներկայացման ամբողջ ընթացքում կհնչի կենդանի երաժշտություն»,- եզրափակել է թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյանը:

Միջոցառմանը մասնակցելու մանրամասներին կարելի է ծանոթանալ թանգարանի ֆեյսբուքյան էջից՝ https://shorturl.at/ZtaRi:

«Ալագյազի մանիները» պոեմի հիման վրա ստեղծվում է մուլտֆիլմ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ Ավետիք Իսահակյանի «Ալագյազի մանիները» պոեմի հիման վրա նկարահանվում է մուլտֆիլմ:

«Պոեմն Իսահակյանը գրել է իր սիրելի Շիրակի դաշտավայրում՝ Ղազարապատ գյուղում։ Ստեղծագործության մեջ ներկայացված են Վարպետի ծննդավայրի պատկերները, տեսարանները, ժողովրդական ավանդույթները, բարքերը, սովորույթները։ Այս պոեմում շատ գեղեցիկ ներկայացված է նաև Վարդավառի տոնակատարությունն իր ամբողջ ծեսով։ Այս տոնակատարության ժամանակ էլ Իսահակյանը հանդիպել է իր առաջին սիրուն՝ Զարոյին»,- նշել է Արմինե Ավետիսյանը և բացահայտել թե ինչու է որոշվել հենց այս պոեմը ներկայացնել մուլտֆիլմի ձևաչափով:

««Ալագյազի մանիները» պոեմում պահպանված են հայկական ժողովրդական ավանդույթները, ձիախաղը, խաղիկներ, տաղիկներ, որոնք այսօր կարծես թե մոռացված են։ Այս պոեմի էկրանավորման միջոցով մենք իրազեկում, ցույց ենք տալիս, թե ինչպիսի ժողովրդական ավանդույթներ ունենք, որոնք մեր ոչ նյութական մշակութային ժառանգության մաս են կազմում»,- նշում է թանգարանի տնօրենը։ Նրա տեղեկացմամբ՝ անիմացիայի ստեղծման աշխատանքներով զբաղվում է Մանե Հարությունյանը։ Մուլտֆիլմում հնչում են Վարպետի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգերը, օրինակ՝ «Արևի պես, սիրուն Զարոս» ստեղծագործությունը (երաժշտության հեղինակ՝ կոմպոզիտոր Ջ. Ավագյանը)։ Գործիքավորել է «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի ղեկավար, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը։ Երգերից մեկի հեղինակն էլ Իսահակյանի թանգարանի աշխատակցուհի Աննա Սարոյանն է։ Մուլտֆիլմի սցենարը գրել են թանգարանի աշխատակիցներ Աննա Սարոյանը և Ռուզաննա Մեսրոպյանը։ Երգերը կատարում է «Արևիկ» երգչախումբը։ Երգերի ձայնագրմանն աջակցել է Հայաստանի հանրային ռադիոն։

Թանգարանը որդեգրել է հասանելիության քաղաքականությունը

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամսին նախատեսվում է «Ալագյազի մանիները» մուլտֆիլմի շնորհանդեսը․ առաջին ցուցադրությունը կլինի Շիրակի մարզի Իսահակյան համայնքում:

«Ուզում ենք տոն պարգևել մարզի բնակիչներին, ակտիվացնել մարզային մշակութային կյանքը։

Թանգարանը որդեգրել է հասանելիության քաղաքականությունը. մեր գործունեությունը հասանելի դարձնելու բոլորին՝ և՛ մարզերի, համայնքների բնակիչներին, և՛ սփյուռքի մեր հայրենակիցներին։ Մենք արդեն ստեղծել ենք նաև «Վարպետը» անիմացիոն ֆիլմը, որում ներկայացված է Իսահակյանի կենսագրությունը։ Այս ֆիլմում հենց Իսահակյանը պատմում է իր կենսագրությունը։ Ֆիլմում օգտագործված են անիմացիոն կադրեր՝ թանգարանային նմուշներով, թանգարանից հատվածներով։ Այս ֆիլմը մենք տանում ենք տարբեր մարզեր․ արդեն ցուցադրել ենք Աշտարակի, Ջերմուկի բոլոր դպրոցներում, մեկ ամիս առաջ՝ Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքի դպրոցում։ Երեխաներն անչափ հետաքրքրված, տպավորված և ոգևորված էին ֆիլմով»,- պատմում է Արմինե Ավետիսյանը։

Իսահակյանը՝ ժողովրդական բանաստեղծ

Իսահակյանը մեծ ժողովրդականություն վայելող բանաստեղծ էր, ինչը, ըստ Արմինե Ավետիսյանի՝ կարևոր դերակատարում է ունեցել գրողի կենսագրության բոլոր շրջաններում։

«Իսահակյանի ստեղծագործությունները երեխաներին և թանգարանի այցելուներին հասցնելու լավագույն ձևաչափերից մեկն անիմացիոն նախագծերն են: Կադրերի միջոցով երեխաները ծանոթանում են Իսահակյանի կյանքին և գործունեությանը, տեղեկանում են Վարպետի կյանքի պատմությանը՝ Փարիզում, Ժնևում ապրած տարիներին, Իտալիայի՝ Վենետիկյան շրջանի արկածներին։ Ֆիլմի միջոցով այցելուները տեղեկանում են նաև եվրոպական երկրներում ապրելու տարիներին նրա հայրենանպաստ գործունեության, մեզ հասած պատմությունների մասին: Օրինակ՝ Ժնևում ապրած տարիներին Իսահակյանին է մոտենում ազգությամբ հայ մի մարդ՝ Պետրոս անունով, և գումար խնդրում։ Իսահակյանը գումար չի ունենում, սակայն ինչ-որ մեկից պարտքով վերցնում և տալիս է Պետրոսին։ Հետո պարզվում է, որ Պետրոսը այդ գումարը ներդրել է յոգուրտի ստեղծման և արտադրության մեջ։ Այսպիսով՝ ստացվում է, որ Իսահակյանը եղել է նաև յոգուրտի արտադրության մեկնարկի հիմքում:

Իրականում Իսահակյանի կյանքն ու գործունեությունը այնքան ծավալուն և ասելիքով լի են, որ մենք այն փորձում ենք փուլ առ փուլ, էջ առ էջ բացահայտել։ Որպես թանգարանի տնօրեն և այս կառուցի 12 տարվա աշխատակից՝ կարող եմ ասել, որ Իսահակյանի կյանքի շատ ու շատ էջեր դեռևս պետք է բացահայտվեն, ներկայացվեն: Նա ոչ միայն բանաստեղծ էր, փիլիսոփա, մտածող, այլև մեծ հասարակական գործիչ։ Ապրելով օտար ափերում՝ նա մշտապես զբաղվել է հայրենանպաստ գործունեությամբ՝ հայացքը մշտապես ուղղած դեպի իր հայրենիքն ու հայրենի տունը»,- փաստել է թանգարանի տնօրենը։

Իսահակյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ Իսահակյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ թանգարանը նախաձեռնել է հիմնական ցուցադրության փոփոխություն: Արմինե Ավետիսյանը նշում է, որ Իսահակյանն այդտեղ բացահայտվում է նորովի. «Ցուցադրության հայեցակարգն արդեն պատրաստ է, այն Իսահակյան-կերպարի մասին է։ Ներկայացվելու է ոչ միայն կենսագրությունը, այլև շեշտադրվելու են Վարպետի կերպարի վառ կողմերը՝ որպես մարդ, ընկեր, հասարակական գործիչ, սիրերգու... Իսահակյանի ակադեմիական հատորների շրջանակում հավաքագրվել և ի մի են բերվել գրողի ստեղծագործական ամբողջ գործունեությունը, հասարակական, քաղաքական գործունեությանը վերաբերող նյութերը, որոնք կվավերացվեն գրողի կերպարը նորովի բացահայտող ֆիլմում։ Նախատեսվում է «Աբու-Լալա Մահարի» պոեմի բազմալեզու թարգմանությունն ու հրապարակումը»:

Արմինե Ավետիսյանը նշել է նաև Իսահակյանի արխիվում պահվող հետաքրքիր ու յուրօրինակ լուսանկարների ֆոնդի ու իրերի մասին, որոնք բացահայտում են մի շարք երկրների մշակութային առանձնահատկությունները, որտեղ Վարպետն ապրել ու ճամփորդել է։

Հոբելյանի շրջանակում նախատեսվում է նաև միջազգային գիտաժողով՝ տեղի և արտերկրում բնակվող հայագետների ու իսահակյանագետների մասնակցությամբ։ Թանգարանի նպատակներից մեկն էլ Իսահակյանի ստեղծագործությունները տարբեր լեզուներով թարգմանել ու հրատարակելն է։